Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը արժանացել է Chatham House-ի մրցանակին


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ելույթ է ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, Նյու Յորք, 20-ը սեպտեմբերի, 2010թ.
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ելույթ է ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, Նյու Յորք, 20-ը սեպտեմբերի, 2010թ.

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեքշաբթի օրը կստանա Chatham House-ի 2010 թվականի մրցանակը։

Chatham House-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղակայված ոչ կառավարական եւ ոչ շահութաբեր կազմակերպություն է, որի նախկին անունն էր Միջազգային գործերի արքայական ինստիտուտ (The Royal Institute of International Affairs)։ Այդ կառույցը վերլուծում է արդիական քաղաքական զարգացումները։ Միացյալ Նահանգներում լույս տեսնող Foreign Policy հանդեսը Chatham House-ը դասել է մոլորակի լավագույն քաղաքագիտական հաստատությունների շարքը։

Աբդուլա Գյուլը տարվա մրցանակին է արժանանում Թուրքիայում եւ միջազգային ասպարեզում հաշտության եւ արդիականացման գործում կատարած ներդրումի եւ Թուրքիայի գործադրած դրական քայլերի նախաձեռնողը լինելու համար։ Ի թիվս արտաքին ասպարեզում Թուրքիայի հեղինակած նախաձեռնությունների` Chatham House-ը նշել է Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացին միանալու, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի հետ կապված խնդիրներում միջնորդելու փաստը, ինչպես նաեւ հայ - թուրքական մերձեցման փորձը։

The Wall Street Journal հանդեսի փոխանցմամբ` Աբդուլա Գյուլը անցած շաբաթավերջից Լոնդոնում է։

Երկուշաբթի օրը նա հայտարարել է, որ Եվրոպական միությունը միայն կշահի Թուրքիայի անդամակցությունից։ Նույն օրը Գյուլը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ։ Այցի օրակարգում նախատեսված են հանդիպումներ փոխվարչապետ Նիք Քլեգի, արտգործնախարար Ուիլյամ Հեյգի եւ այլ պաշտոնյաների հետ։

Լոնդոնում Գյուլը կմասնակցի նաեւ Յունուս Էմրեի թուրքական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Բացի այդ, Օքսֆորդի համալսարանում նա հանդես կգա Թուրքիայի արտաքին քաղաքականությանը եւ մահմեդական աշխարհում ժողովրդավարության խնդիրներին նվիրված ելույթով։

Իսկ մրցանակը Թուրքիայի նախագահին այսօր Chatham House-ում հանձնելու է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ երկրորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG