Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Հասարակության մտահոգությունը կիսում ենք, եթե դա կառուցողական է»


Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյան

«Հասարակության մտահոգությունը մենք կիսում ենք. եթե դա կառուցողական է, եթե դա ուղղված չէ բանակի վարկաբեկմանը կամ այս կամ այն հարցի քաղաքականացմանը», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Հանրային հեռուստատեսությանը երկուշաբթի օրը տված հարցազրույցում անդրադառնալով վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած դժբախտ դեպքերին:

«Չեմ ուզում ասել, որ աշխարհի բոլոր բանակներն էլ տանում են նմանատիպ պահեր, այլ ուզում եմ, որ մեր հայրենակիցներն իմանան, որ այդ կորուստների ժամանակ առաջին հերթին հենց մենք ենք ցավ ապրում, առաջինը մենք ենք մտահոգված: Եվ մենք ենք այդ զինծառայողների ծնողների հետ շփվում, փորձում նրանց ցավակից լինել, փորձում ինչ-որ ձեւով սփոփել, եւ կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ աշխատանքներ ունենք կատարելու», - ասել է նախարարը:

«Մենք այսօր լուրջ աշխատում ենք, որպեսզի այդ բացթողումներն հասցնենք նվազագույնի: Ցավոք սրտի, հնարավոր են նման դեպքեր, բայց բանակի հրամանատարությունն այսօր առավելագույնն անելու է, որպեսզի մենք կորուստներ չունենանք», - վստահեցրել է Սեյրան Օհանյանը` հավելելով. - «Հասարակության ահազանգումն այս դեպքերի շուրջ վերջին ժամանակներում ավելի զգայուն է դարձել նաեւ այն պատճառով, որ պաշտպանության նախարարությունն ավելի թափանցիկ պաշտպանական քաղաքականություն է վարում եւ իրազեկում է հանրությանը` փորձելով հաշվետու լինել հասարակության առջեւ, հետեւել ժողովրդավարական հասարակության կայացման սկզբուքներին: Մենք հասարակությանն իրազեկում ենք բանակի ե'ւ հաջողությունների, ե'ւ արձանագրված թերությունների վերաբերյալ»:

Ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում հունիսի 18-ին եւ սեպտեմբերի 4-ին զոհված ադրբեջանցի երկու զինծառայողների հուղարկավորության արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարը ասել է. - «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները մեզ համար նորություններ չեն: Ավելի լավ կլիներ, որ նրանք կարողանային վերահսկել իրենց ծառայությունն առաջին գծում, եւ այդպես ինքնագլուխ որոշումներ ընդունած «ոչ կայացած» այդ դիվերսանտները չթափանցեին մեր դիրքերը եւ չփորձեին ինչ-որ դիվերսիոն-հետախուզական գործունեություն ծավալել. իհարկե, նրանք իրենց արժանի հակահարվածն ստացել են… Մեզ համար տարօրինակ է, թե Ադրբեջանի ղեկավարությունն ինչպես է տեսնում այդ չկայացած դիվերսանտներին հերոսացնելուց հետո մեր միասնական, խաղաղ գոյատեւումը»:

Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ Հայաստանի զինված ուժերը շարունակելու են «հակառակորդին պարտադրել խաղաղություն, որպեսզի այդպիսի հայտարարությունները մնան լոկ հայտարարություններ»:

Անդրադառնալով աշնանային զորակոչի կազմակերպչական հարցերին` Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է. - «Զորակոչը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրման կարեւորագույն բաղադրիչն է: Վերջին տարիներին բավական մեծ աշխատանքներ են ծավալվել նրա որակական առաջընթացի ուղղությամբ»:

Նախարարը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում միասնական հաշվառման համակարգի ստեղծման համար` նշելով, որ կառավարության որոշմամբ նախազորակոչային տարիքը փոխվել է, եւ արդեն 16-ի փոխարեն 14 տարեկանից է անցկացվելու բուժհետազոտություն եւ բուժում:

Զորակոչի պատշաճ կազմակերպման հարցում Սեյրան Օհանյանը կարեւորել է նաեւ կադրային ճիշտ քաղաքականությունը` հայտնելով, որ որոշ զինկոմիսարներ արդեն ազատվել են աշխատանքից, ոմանք ծառայության են անցել այլ զինկոմիսարիատներում, բժշկական հանձնաժողովներում ընդգրկվել են անվանի բժիշկներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաեւ կոռուպցիոն ռիսկերին` նշելով. - «Զորակոչի ընթացքում գրեթե խնդիրներ չկան: Միակ խնդիրը, կարծում եմ, կոռուպցիոն ռիսկերն են: Բոլոր այն գործընթացներում, որտեղ կան խախտումներ, դրանց բացահայտման համար միայն պաշտպանության նախարարության ջանքերը լիարժեք չեն կարող լինել. զորակոչը բոլորիս խնդիրն է` ե'ւ հասարակության, ե'ւ ծնողի, ե'ւ նույն զորակոչիկի: Եվ այսօր ես ուզում եմ կոչ անել, որ բոլորը հաշվի առնեն այդ հանգամանքը, եւ եթե կլինեն թերություններ, բացթողումներ կամ չարաշահումներ, ապա առաջին հերթին դիմեն պաշտպանության նախարարին կից գործող հասարակական խորհրդին, մենք ունենք թեժ գիծ, կարող են ցանկացած ժամանակ ահազանգել, դիմել պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի ղեկավար կազմերին, անձամբ ինձ: Մենք, օրենքի սահմաններում, ցանկացած հարցի դրական լուծումներ կտանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG