Մատչելիության հղումներ

logo-print

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անտառահատումների դեմ պայքարի ծրագիրը ձգձգվում է «զարմանալի» պատճառներով


Անտառածածկ տարածքներում արդյունավետ մոնիտորինգ անցկացնելու, նոր համակարգ ներդնելու, ապօրինի անտառահատման դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին հատկացված 395 հազար դոլարի դրամաշնորհից միայն 34 տոկոսն է ծախսվել:

Դրամաշնորհը հատկացվել է 2008 թվականի հոկտեմբերին, եւ ծրագիրը պետք է ավարտվի 2011-ի հոկտեմբերին: Դրամաշնորհի կառավարումը հանձնարարված է գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչությանը:

Համաշխարհային բանկի կայուն զարգացման բաժնի պատասխանատու Արտավազդ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հատկացված գումարը երկար ժամանակ չի ծախսվել` «զարմանալի» պատճառով:

«Պատկերացրեք` մենք աշխատում ենք մի համակարգի հետ, որը երբեք այդպիսի ծրագրեր չի իրականացնել, անգլերեն խոսող մարդիկ չկան, համակարգիչը դեռ նոր է մտնում կիրառության մեջ», - նշեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը` պարզաբանելով, որ անգլերենի եւ համակարգչային գիտելիքների բացակայությունը, փաստորեն, խոչընդոտել է ծրագրի իրականացմանը:

Գործընթացը ձգձգվել է նաեւ գյուղնախարարությունում կադրային փոփոխությունների պատճառով: Բացի այդ, Արտավազդ Հակոբյանի խոսքով, վարչության աշխատակիցները նաեւ ցանկություն չունեն 80-100 հազար դրամ աշխատավարձ ստանալով` լրացուցիչ բեռ վերցնել իրենց վրա:

Գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության ղեկավար Եղիշե Ջհանգիրյանը նախ պարզաբանեց, որ իրենց մոտ քաղծառայողներ են աշխատում, եւ իրենց մոտ անգլերենին տիրապետողներ չկան, որովհետեւ նախատեսված չէ, որ վարչության աշխատակիցները պետք է անգլերենին տիրապետեն:

Բացի այդ, Ջհանգիրյանի խոսքով, վարչության աշխատակիցները` «լրացուցիչ բեռը վերցրել են այդ քիչ վարձատրությունով հանդերձ, եւ արել են այնքան, ինչքան որ կարողացել են»:

Համաշխարհային բանկի ներկայացուցչի պարզաբանմամբ, դրամաշնորհը պետք է օգտագործվեր անտառահատման դեմ մոնիտորինգի համակարգի բարելավման, փայտանյութի տեղաշարժի համակարգի ներդրման` փայտանյութի բացթողման վերահսկողության էլեկտրոնային համակարգի կիրառմամբ, եւ հանրային իրազեկման համար:
XS
SM
MD
LG