Մատչելիության հղումներ

Ադրբեջանը տեղեկացնում է եւս 1 հայ գերու մասին


Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի Էլդար Թաղիեւին
Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի Էլդար Թաղիեւին

«Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տեղեկացրել են եւս մեկ հայ գերու մասին», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց կոմիտեի երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:

Կորած տղամարդու հարազատները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակին էին դիմել այս տարվա մայիսին, բայց Ադրբեջանը միայն անցած շաբաթավերջին է տեղյակ պահել գերեվարվածի մասին:

«Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը հայ քաղաքացիական անձի վերաբերյալ, որը գտնվում է գերության մեջ: Անուն-ազգանունը չեմ հրապարակի: Նոյեմբերի 5-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է այդ անձնավորությանը եւ տեղեկացրել է իր ընտանիքի անդամներին», - նշեց Աստաբացյանը: - «Չեմ կարող ասել, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է նրան հանձնել հայկական կողմին: Եթե նմանատիպ որոշում ընդունվի, մենք անպայման մամլո հաղորդագրություն կտարածենք»:

Կարմիր խաչի տվյալներով` ադրբեջանական կողմում 6 հայ ռազմագերիներ են գտնվում, 5 հոգանոց մեկ ընտանիք, եւ, փաստորեն, այժմ հայտնի է դարձել եւս 1 գերու մասին:

Հայկական կողմում մնում են երկու ադրբեջանցի ռազմագերիներ:

«Այս պահին հերթական փոխանակումն իրականացնելու մասին համաձայնություն չկա», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կարմիր Խաչի ներկայացուցիչ Աշոտ Աստաբացյանը:

Հոկտեմբերի 27-ինԱստրախանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ հանդիպման արդյունքում որոշվել է որպես հակամարտող կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված առաջին քայլ անհապաղ իրականացնել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:

Աստրախանյան հանդիպումից հետո Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել երկու քաղաքացիականների` գերության մեջ զոհված Հայաստանի քաղաքացի, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Գավրուշ Առուստամյանի դիերը:

Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի Էլդար Թաղիեւին, ինչպես նաեւ ադրբեջանցի զինծառայողներ Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի դիերը: Վերջիններս զոհվել են Ղարաբաղի պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումների ժամանակ, առաջինը` հունիսի 18-ին, երկրորդը` սեպտեմբերի 4-ին: Բաքվում Իբրահիմովին հետմահու ազգային հերոսի կոչման են արժանացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG