Մատչելիության հղումներ

Իրանցիները բողոքի ակցիա են կազմակերպել Երեւանում


Հայաստանում բնակվող մի խումբ իրանցիներ երկուշաբթի օրը բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության դիմաց:

Ցուցարարները պարզել էին պաստառներ` «Դադարացնել սպանությունները, քարկոծումը, մահապատիժը», «Մահ բռնապետին», «Ոչ պատերազմին», «Ոչ բռնությանը» բովանդակությամբ: Ցուցարարներից մեկն էլ ազատություն եւ խաղաղություն պահանջող գրությամբ շապիկ էր հագել եւ կապել բերանը` ի նշան բողոքի:

Նրանք պահանջում են չկիրառել Իրանում ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանությանը մեղսակից լինելու համար մահապատժի դատապարտված Սաքինե Մոհամմադի Աշտիանիի դատավճիռը եւ պնդում են, թե նա Իրանում տիրող բարքերի զոհերից մեկն է:

«Մենք մեր կառավարությունից պահանջում ենք դադարեցնել սպանությունները, վերացնել մահապատիժը: Սաքինեն բացարձակ պաշտպանված չէ մեր երկրում: Ամուսնական անհավատարմության համար մահապատժի դատապարտելը 21-րդ դարում ծիծաղելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը:

2 երեխաների մայր, 43-ամյա Սաքինե Աշտիանին, ով ծագումով ադրբեջանցի է, օգոստոսին Իրանի հանրային հեռուստատեսության եթերում ադրբեջաներեն խոստովանել էր ամուսնու սպանությանը իր մեղսակից լինելու եւ ամուսնու զարմիկի հետ արտամուսնական հարաբերություններ ունենալու մասին: Սակայն նրա փաստաբանը հայտարարեց, թե խոստովանությունը ճնշումների արդյունք է, որ հարցազրույցից երկու օր առաջ նա կտտանքների է ենթարկվել Թավրիզի բանտում, որտեղ պահվում է արդեն 4 տարի:

Սաքինե Մոհամադի Աշտիանիի գործը միջազգային հնչեղություն է ստացել: ԱՄՆ-ի պետքարտուղարը, Բրազիլիայի նախագահը, Վատիկանը կոչ են արել արել նրա նկատմամբ չկիրառել մահապատիժ: Իրավապաշտպան միջազգային մի շարք կազմակերպություններ հանդես են եկել Իրանի այս որոշումը դատապարտող հայտարարություններով, աշխարհի տարբեր անկյուններում շարունակվում են ակցիաներ կազմակերպել` ի պաշտպանություն Սաքինեի:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG