Մատչելիության հղումներ

Մեսրոպ Մովսեսյանը կարծում է, որ «Ա1+»-ին նորից լիցենզիա չտրամադրելու «քաղաքական որոշում» կա


Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) հայտարարած լիցենզավորման ընթացիկ մրցույթը «շարքային» է գնահատում:

«Ա1+» անկախ հեռուստաընկերությունը եթերազրկվեց 2003–ի նախագահական ընտրությունների նախաշեմին: ՀՌԱՀ-ը՝ Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ, անցած 8 տարիների ընթացքում տեղի ունեցած հեռարձակման լիցենզավորման 12 մրցույթներում մերժել է լիցենզիա տրամադրել «Ա1+»-ին, ինչը ոլորտի փորձագետների կողմից բազմիցս գնահատվել է որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված:

Հուլիսին ՀՌԱՀ–ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն 2-ի դեպքում է, որ կա մրցակցություն. ԱԼՄ-ն եւ «Երեւան» հեռուստաընկերությունը պայքարում են մեկ հաճախության համար, իսկ «Ա1+»-ի հետ նույն հաճախությանն է հավակնում «Արմնյուզ» հեռուստաընկերությունը։

«Կա նորից միտում` քաղաքական որոշում, նորից [լիցենզիա] չտրամադրել», – երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մովսեսյանը: - «Այն, ինչ ներկայացրել էր «Արմնյուզ»–ը, որեւէ կապ չուներ իրականության հետ: Կապուղին ոչ թե վերահեռարձակման կապուղի է, որը տրամադրվել է «Եվրոնյուզ»-ին, ինչ-որ ժամեր հատկացնելով «Արմնյուզ»-ին, որն աշխատում է «Արմենիա»-ի տեխնիկական բազայով եւ աշխատակազմով: Դա բավականին լուրջ խախտում է, եւ ինձ համար զարմանալի է, որ պարոն Ամալյանի գլխավորած հանձնաժողովը դրա վրա ուշադրություն չի դարձնում», - հավելեց «Ա1+»–ի տնօրենը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ մասամբ բավարարեց «Ա1+»-ի բողոքը՝ հաստատելով, որ խախտվել է հեռուստաընկերության՝ ազատորեն տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու իրավունքը։

«Ստեղծված չեն հավասար պայմաններ, ինչպես [Եվրոպական] դատարանի որոշման պահանջն էր: Մոտ երկու տարի սպասում էի հավասար պայմաններ ստեղծված մրցույթի, եւ նորից տեսա, որ շարքային մրցույթ էր», - այսօր կարծիք հայտնեց Մեսրոպ Մովսեսյանը:

Լիցենզավորման ընթացիկ մրցույթի արդյունքը հայտարարվելու է 2010-ի դեկտեմբերի 16-ին:
XS
SM
MD
LG