Մատչելիության հղումներ

Հրայր Կարապետյանի կարծիքով, զոհված հայ գերու հարցը պետք է արծարծել միջազգային ատյաններում


Մանվել Սարիբեկյանը խոսում է ադրբեջանական հեռուստատեսությամբ, արխիվ
Մանվել Սարիբեկյանը խոսում է ադրբեջանական հեռուստատեսությամբ, արխիվ
Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ հոկտեմբերի սկզբին ադրբեջանական գերության մեջ զոհված Մանվել Սարիբեկյանի հարցը պետք է արծարծել միջազգային ատյաններում:

Ադրբեջանի իշխանությունները զոհված հայ գերու դին Հայաստանին հանձնեցին մահվանից շուրջ մեկ ամիս անց: Դրանից 1 օր անց Հայաստանի գլխավոր դատախազությունը հրապարակեց դատաբժշկական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն դիակի վրա կտտանքների հետքեր են հայտնաբերվել: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն՝ առանձին դաժանությամբ):

Հրայր Կարապետյան
«Դատախազությունը արել է այն, ինչ որ պիտի աներ: Յուրաքանչյուր սպանության վերաբերյալ նրանք պարտավոր են քրեական գործ հարուցել: Այլ հարց, որ դրա իրագործման մեխանիզմները բավական մշուշոտ են: Միակ ճանապարհը, ես կարծում եմ, միջազգային ատյաններում հարցը արծարծելն է», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչին, ով հավաստիացրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների աստրախանյան պայմանավորվածության համաձայն, պետք է աշխատել երկու կողմում գտնվող գերիներին վերադարձնել:

«Եթե ադրբեջանական կողմը պաշտպանի համաձայնագրի դրույթները, եւ սովորույթի համաձայն կեսից չխեղաթյուրի, Կարմիր խաչի ասելով` 100 տոկոսով կիրականացվի այս ծրագիրը», - նշեց Կարապետյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ էր, գերեվարվել էր սեպտեմբերի 11-ին «Լեռնային Ղարաբաղի հյուսիսարեւելյան հատվածից հայկական ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության ընթացքում»:

Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը համատեղ հաղորդագրություն տարածեցին, թե Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել:

Հայկական կողմից, սակայն, հայտարարել են, որ 20-ամյա երիտասարդը զինծառայությունն ավարտել է անցած տարվա մայիսին եւ որեւէ կապ չունի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների հետ: Հայկական կողմը նաեւ կասկածի տակ է առնում Սարիբեկյանի ինքնասպանության վարկածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG