Մատչելիության հղումներ

«Ենի Ազերբայջան»-ը առնվազն 72 պատգամավոր կունենա 125-տեղանոց խորհրդարանում


Քվեատուփերը Բաքվի ընտրատեղամասերից մեկում, Բաքու, 7-ը նոյեմբերի, 2010թ.
Քվեատուփերը Բաքվի ընտրատեղամասերից մեկում, Բաքու, 7-ը նոյեմբերի, 2010թ.
Քվեների 90 տոկոսի հաշվարկից հետո Ադրբեջանի իշխող կուսակցությունը հաղթում է Միլի մեջլիսի ընտրություններում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` 125-տեղանոց ադրբեջանական խորհրդարանում նախագահ Իլհամ Ալիեւի «Ենի Ազերբայջան» կուսակցությունը առնվազն 72 պատգամավոր կունենա:

Արմատական ընդդիմությունը ներկայացնող երկու կուսակցությունների` Ժողովրդական ճակատի եւ «Մուսավաթ»-ի նախընտարական դաշինքը հաջորդ գումարման խորհրդարանում ոչ մի պատգամավոր չի ունենա: Պաշտոնական տվյալների համաձայն` «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը պարտվել է իշխանամետ «Լիդեր» հեռուստաընկերության լրագրող Էթիբար Հուսեյնովին: Ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին, հաղթել է նրա նախկին կուսակից, այժմ իշխանությունների հովանավորությունը վայելող Ֆարաջ Գուլիեւը:

«Այս մարդիկ վերջնականապես կորցրել են իրականության զգացումը: Այն, ինչ արեցին իշխանություններն այս ընտրությունների ընթացքում, աշխարհում որեւէ մեկն իրեն թույլ չէր տա: Սա շատ ռիսկային ուղի է, որն Ադրբեջանը տանում է դեպի անդունդ: Ըստ ամենայնի, Իլհամ Ալիեւը կորցրել է պատասխանատվության զգացումը: Ադրբեջանցի ժողովուրդը պետք է միավորվի եւ նրան պատասխանատվության կանչի», - հայտարարում էր Ալի Քերիմլին ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո:

Փոխարենը, նորընտիր խորհրդարանում կրկին ներկայացված են լինելու իշխող կուսակցության բոլոր առանցքային անդամներն ու նախագահ Ալիեւի հարազատները: Այսպես, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, ով առաջադրվել էր Բաքվի կենտրոնում գտնվող ընտրատարածքներից մեկում, ստացել է ընտրողների քվեների 94 տոկոսը: Ալիեւի մեկ այլ մերձավոր ազգական` Նախիջեւանի ինքնավարության վարչակազմի ղեկավար Վասիֆ Թալիբովը, Սադարակի ընտրատարածքում հավաքել է քվեների մոտ 90 տոկոսը:

Միլի մեջլիսում որպես անկախ պատգամավորներ կաշխատեն նախկին ընդդիմադիրներ, այժմ արդեն իշխանությունների հետ բավական սերտորեն համագործակցող քաղաքագետներ Ռասիմ Մուսաբեկովն ու Ասիմ Մոլազադեն:

Նոր գումարման Միլի մեջլիսում ընդգրկված կլինի նաեւ Հայկական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստուհի Զեյնաբ Խանլարովան: Սումգայիթում գտնվող ընտրատարածքում 74-ամյա երգչուհին ստացել է ընտրողների քվեների շուրջ 65 տոկոսը:

Ընտրությունների ընթացքին հետեւած ԵԱՀԿ-ի դիտորդները երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել են, որ «Ադրբեջանը չկարողացավ որեւէ լուրջ առաջընթաց ապահովել երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում»:

«Թեեւ երեկվա խորհրդարանական ընտրություններն անցան խաղաղ մթնոլորտում եւ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները մասնակցեցին քաղաքական պրոցեսին, այնուհանդերձ` ընտրություններն ընդհուր առմամբ բավարար չէին երկրի ժողովրդավարական զարգացման գործում զգալի առաջընթաց ապահովելու համար», - ասված է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG