Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Իբրահիմովը եւ Ահմեդովը զոհվեցին հանուն հայրենիքի, իրենց հողում»


Իլհամ Ալիեւ, արխիվային լուսանկար

Իլհամ Ալիեւ, արխիվային լուսանկար

«Մուբարիզ Իբրահիմովը եւ Ֆարիդ Ահմեդովը զոհվեցին հանուն հայրենիքի, իրենց հողում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի օրը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում զոհված ադրբեջանցի զինծառայողների հուղարկավորության արարողության ժամանակ:

Իբրահիմովի եւ Ահմեդովի մարմինները Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնեց շաբաթ օրը: Ադրբեջանը, իր հերթին, նույն օրը ղարաբաղյան կողմին հանձնեց Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Գավրուշ Առուստամյանի դին:

Ադրբեջանցի զինծառայողները զոհվել են ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում հունիսի 18-ի եւ սեպտեմբերի 4-ի բախումների ժամանակ:

Հայկական կողմը պնդում է, որ նրանք դիվերսանտներ էին եւ զոհվել են դիվերսիոն գործողության կասեցման ժամանակ:

Բաքվում, մինչդեռ, Իբրահիմովին հետմահու ազգային հերոսի կոչման են արժանացրել, իսկ Ահմեդովին շնորհվել է «Արիության համար» մեդալ:

Ադրբեջանցի զինծառայողների հուղարկավորության արարողությանը երկրի նախագահից բացի մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

Իլհամ Ալիեւը իր ծավալուն ելույթում հայտարարել է, թե Իբրահիմովը եւ Ահմեդովը «իսկական հերոսություն եւ խիզախություն են ցուցաբերել», եւ հավելել. - «Մուբարիզը եւ Ֆարիդը իրենց կյանքով, իրենց հերոսությամբ ապացուցեցին թշնամուն, որ ադրբեջանցի ժողովուրդը, ադրբեջանական երիտասարդությունը պատրաստ են կյանքը տալ հայրենիքի համար: Դա մեծ հերոսության, սխրանքի, հայրենասիրության օրինակ է»:

«Մուբարիզի եւ Ֆարիդի կարճ, բայց փառավոր կյանքը է'լ ավելի համախմբեց ադրբեջանցի ժողովրդին: Մեր բանակում Մուբարիզի եւ Ֆարիդի պես հազարավոր, տասնյակ հազարավոր հերոսներ կան: Նրանք սպասում են գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին: Նրանք ամեն պահի պատրաստ են ազատագրել հայրենի հողերը», - ասել է Ալիեւը` մեկ անգամ եւս վստահեցնելով, թե «ադրբեջանական բանակը Հարավային Կովկասում ամենապրոֆեսիոնալ, ամենամարտունակ բանակն է»:

«Մեր հողերը արդեն շատ տարիներ օկուպացված են: Մենք չեն հավակնում այլ պետության հողերին: Բայց մենք ոչ մի թիզ չենք զիջի մեր հողից: Մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Կգա օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Մենք ցանկանում ենք այդ հարցը լուծել բանակցությունների միջոցով: Բայց մենք չենք վարելու բանակցություններ հանուն բանակցությունների: Մենք Հայաստանին թույլ չենք տալու զբաղվել բանակցությունների նմանակմամբ», - ասել է Ալիեւը` շարունակելով. - «Մենք վարելու ենք բանակցություններ այնքան ժամանակ, քանի դեռ այդ ճանապարհով երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հույս կունենանք: Եթե տեսնենք, որ դա անհնար է, այնժամ ադրբեջանական պետությունը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը` օգտագործելով ռազմական ճանապարհը»:

«Չեմ կասկածում, որ դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները` մարտական պատրաստությունը, նյութատեխնիկական հագեցվածությունը, բավարար զենք եւ զինամթերք, պրոֆեսիոնալ բանակ, ադրբեջանցի ժողովրդի բարձր ոգին եւ կամքը: Մենք ցանկացած պահի կարող ենք վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով: Եվ թշնամին դա պետք է իմանա եւ գիտի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG