Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հայերը ցանկանում են վաճառել հայկական եկեղեցին


Միացյալ Նահանգների Արեւելյան ափի Հեյվըրհիլ քաղաքի հայերը ցանկանում են վաճառել հայկական եկեղեցին, իսկ հուշարձանների պահպանության քաղաքային հանձնաժողովը ցանկանում է պահպանել այն:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, եկեղեցին պաշտպանողները ասում են, որ քաղաքի համար մեծ սխալ կլինի 163 տարվա պատմություն ունեցող եկեղեցին վաճառելը կառուցապատողին` շինարարական մի ընկերության, որը ցանկանում է քանդել այն եւ տեղում «Բուրգեր Քինգ» կառուցել:

Քաղաքի հուշարձանների պահպանության հանձնաժողովի անդամ Քրիստիան Միլերը ասել է, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու տեղում ռեստորան կառուցելը չափազանց մեծ անհեթեթություն է: Հանձնաժողովը գտնում է, որ եկեղեցու քանդելը կփոխի քաղաքի դեմքը:

Եկեղեցու սպասավորները ասում են, թե հին շենքը վերանորոգելու համար 1.5 միլիոն դոլար է անհրաժեշտ, եւ նրանք ստիպված վաճառում են այն` ավարտելու համար նոր եկեղեցու շինարարությունը:

Ծխական խորհրդի նախագահ Սքոթ Սահակյանը Eagle Tribune թերթին ասել է, թե գործարքը խոչընդոտելու փորձերը կրոնական եւ էթնիկ հետապնդումներ են:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG