Մատչելիության հղումներ

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին


Բաքվի ընտրատեղամասերից մեկում, 7-ը նոյեմբերի, 2010թ.

Բաքվի ընտրատեղամասերից մեկում, 7-ը նոյեմբերի, 2010թ.

Երկուշաբթի օրը Ադրբեջանում կավարտվի նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը: Որ հաջորդ գումարման Միլի մեջլիսում մեծամասնությունը կրկին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչներն են կազմելու` քչերն են կասկածում:

Ադրբեջանական ընդդիմությունը պնդում է, որ իշխող կուսակցությունը իր հաղթանակն ապահովել է նախընտրական շրջանում գործադրած ճնշումների եւ քվեարկության օրը վարչական ռեսուրսի ու կեղծիքների լայնամասշտաբ կիրառմամբ:

«Ընտրությունները չեն կարող դրական գնահատվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմության թեկնածուներ կային ընտրատարածքների միայն մեկ երրորդում: Ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ կային, նման իրավիճակում ընտրությունները դրական գնահատվել չեն կարող», - քվեարկության ավարտին հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը:

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում, սակայն, կտրականապես հերքում էին ներկայացվող մեղադրանքները:

«Այն պայմանները, որ մենք ստեղծեցինք տեղամասերում եւ տեղամասերից դուրս, որպեսզի ընտրողները կարողանան արտահայտել իրենց կամքը, արդեն իսկ արդյունքներ է տալիս: Մենք կարողացանք ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնել», - հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նաթիգ Մամեդովը:

Արեւմտյան դիտորդները առայժմ ձեռնպահ են մնում գնահատականներից: ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչը քվեարկության օրը Բաքվում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատականները կհրապարակվեն երկուշաբթի օրը կայանալիք ասուլիսի ընթացքում:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ղեկավար Փոլ Վիլենն էլ նշել է. - «Նախորդ ընտրությունների համեմատ` այս քվեարկությունը Ադրբեջանում անցավ շատ ավելի հանդարտ մթնոլորտում»:

Առանձին դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանությունը: Ադրբեջանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը կիրակի օրը լրագրողների հետ զրույցում ասել է. - «Մեր դեսպանության 31 աշխատակիցներ ողջ օրվա ընթացքում հետեւում էին քվեարկությանը: Եվս 45 ամերիկացիներ ընդգրկված էին ԵԱՀԿ-ի դիտորդական խմբի կազմում: Սա վկայում է, թե ինչ մեծ կարեւորություն են տալիս այս ընտրություններին Վաշինգտոնում: Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի պաշտոնական արձագանքին, ապա այն կհրապարակի Պետական դեպարտամենտը` Վաշինգտոնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG