Մատչելիության հղումներ

Վարորդները դժգոհում են սահմանային անցակետերի աշխատանքից


Բագրատաշենի մաքսատունը հայ-վրացական սահմանին:

Բագրատաշենի մաքսատունը հայ-վրացական սահմանին:

Դեպի Հայաստան եւ Հայաստանից բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենաների վարորդները դժգոհում են սահմանային անցակետերում առկա իրավիճակից:

Ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում բեռնափոխադրումներով զբաղվող թուրք վարորդները նշեցին, թե հայաստանյան սահմանային անցակետերում գոյություն ունեցող կարգը, ըստ որի ուղեւորներն ու բեռնատարները մաքսային ստուգում են անցնում են նույն տեղում, զգալիորեն դանդաղեցնում է իրենց գործը` անտեղի հերթեր առաջացնելով:

«Մինչեւ ուղեւորներին սպասարկում են, մենք ստիպված ենք լինում ժամերով սպասել: Իսկ մեր գործում շատ կարեւոր է, որ ժամանակին տեղ հասնենք: Լինում են դեպքեր, երբ մարդատար կամ փոքր բեռնատարները ճանապարհում են, մոտ 5-6 ժամ է անցնում, մինչեւ հերթը հասնում է մեզ», - ասաց նրանցից մեկը:

Օրերս, հիշեցնենք, Բագրատաշենում Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության հետ սահմանային անցակետերի արդիականացման հարցի վերաբերյալ անցկացրած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն իր դժգոհությունն էր հայտնել անցակետերում առկա վիճակից:

«Իրավիճակը շատ հեռու է բավարար լինելուց: Այն կացությունը, որ ստեղծվում է առաջին հերթին ամառվա ամիսներին, ուղղակի անթույլատրելի է»,- ասել էր երկրի նախագահը` ձեւակերպելով անելիքը. - «Մոտակա 3-4 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր անցումային կետերը դարձնել ժամանակակից անցումային կետեր»:

Նույն խորհրդակցության ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել էր, որ Հանրապետության բոլոր մաքսակետերը երկու տարվա ընթացքում արդիականացնելու նպատակով կառավարությունը հայատարարել է միջազգային մրցույթ, որին արդեն իսկ հայտեր են ներկայացրել լավագույն փորձ ունեցող ընկերությունները եվրոպական երկրներից։ Խաչատրյանը վստահեցրել էր, թե կոմիտեում արդեն իսկ կատարվել են բարեփոխումների շրջանակում իրականացված լայնածավալ աշխատանքներ։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ էր եղել նաեւ փոստային առաքման միջոցով քաղաքացիների կողմից ստացվող ծանրոցների հարցին:

Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել էր. - «Մեր քաղաքացիները հաճախ բողոքում են, որ ծանրոցներ են ստանում մեր հայրենակիցներից, որ ապրում են արտասահմանում, ենթադրենք` 30-40 հազար դրամ արժեցող ծանրոցներ, բայց այդ 30-40 հազար դրամ արժեցող ծանրոցները ստանալու համար ծախսում են կրկնակի ավելի գումար»:

Գործող կարգի համաձայն, մաքսազերծման չի ենթարկվում մինչեւ 20 կգ եւ 50 հազար դրամ արժողությամբ ծանրոցը: Կառավարության առաջարկության համաձայն, նախատեսվում է նման կարգ կիրառել արդեն մինչեւ 50 կգ եւ 150 հազար դրամ արժողությամբ ծանրոցների նկատմամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում DHL-ի եւ FedEx-ի հայաստանյան գրասենյակների ղեկավարներն ասացին, թե փոփոխությունները, իհարկե, դրական են, սակայն հարցին վերաբերող խնդիրները չեն վերանում:

FedEx-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Ղազարյանն ասաց, թե շարունակվելու է պահպանվել կես տարվա սահմանափակումը, ինչը չկա եվրոպական երկրներում. քաղաքացին մաքսազերծման չենթարկվող ծանրոց կարող է ստանալ 180 օրվա ընթացքում միայն մեկ անգամ: Արդեն երկրորդի դեպքում նա պիտի վճարի մաքսատուրք:

Իսկ DHL-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Միխայիլ Յուխանաեւի խոսքով, ծանրոցները մաքսազերծելիս անհրաժեշտէ կիրառել «մեկ պատուհանի սկզբունքը», ինչը կդյուրացնի եւ կկրճատի մաքսազերծման գործընթացը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG