Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գերության մեջ զոհված Մանվել Սարիբեկյանի դիակի վրա հայտնաբերվել են կտտանքների հետքեր


Մանվել Սարիբեկյանը խոսում է ադրբեջանական հեռուստատեսությամբ
Մանվել Սարիբեկյանը խոսում է ադրբեջանական հեռուստատեսությամբ
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի կողմից գերեվարված Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ` առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ էր, գերեվարվել էր սեպտեմբերի 11-ին «Լեռնային Ղարաբաղի հյուսիսարեւելյան հատվածից հայկական ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության ընթացքում»:

Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը համատեղ հաղորդագրություն տարածեցին, թե Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել:

Հայկական կողմից, սակայն, հայտարարել են, որ 20-ամյա երիտասարդը զինծառայությունն ավարտել է անցած տարվա մայիսին եւ որեւէ կապ չունի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների հետ: Հայկական կողմը նաեւ կասկածի տակ է առնում Սարիբեկյանի ինքնասպանության վարկածը:

2010 թվականի նոյեմբերի 04-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց Մանվել Սարիբեկյանի դին:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, դիակը պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում եւ եղել է քայքայված: Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն՝ առանձին դաժանությամբ): Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG