Մատչելիության հղումներ

Էդիկ Բաղդասարյան. «Բիզնես ունեցող բոլոր նախարարները պետք է հրաժարական տան»


«Կոռուպցիայի դեմ պայքարը հարկ է ինչ-որ պահից ու ինչ-որ կետից սկսել, եւ արդեն ժամանակն է կատարել իրական քայլեր, այլ ոչ թե պարզապես խոսքեր հնչեցնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց լրագրողական հետաքննությունների միջոցով կոռուպցիոն երեւույթների բացահայտման եւ լուսաբանման հարցերում մասնագիտացած «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Նոյեմբերի 4-ին կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը խստորեն քննադատել էր մի շարք գերատեսչությունների եւ պահանջել 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկներ` ստուգումների արդյունքում վեր հանված կոռուպցիոն խնդիրները լուծելու համար:

Նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության հարցում հասարակությունն անհույս է, քանի որ երբեւէ իրական պայքարի ականատես չի եղել, «Հետք»-ի խմբագիրն, այնուամենայնիվ, չի շտապում դատապարտված համարել պետական կառավարման համակարգը կոռուպցիայից զտելու` վարչապետի այս նոր նախաձեռնությունը, այդուհանդերձ` հավելելով. - «Վարչապետին պետք է խորհուրդ տալ, որ բիզնես ունեցող բոլոր նախարարները պետք է հրաժարական տան, որովհետեւ կան բազմաթիվ նախարարներ, որոնք բիզնեսներ ունեն: Նրանք ավելի շատ զբաղված են իրենց բիզնեսներով, քան թե պետական գործ անելով»:

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, մինչդեռ, լիովին բացառում է հնարավորությունը, թե առաջիկա 10 օրում կոռուպցիայի նվազեցմանը միտված հիմնարար քայլեր կարվեն:

«2008 թվականից ի վեր, երբ Տիգրան Սարգսյանը կոռուպցիան հայտարարել էր թիվ 1 թշնամի», ու նաեւ դրանից առաջ, նման հայտարարություններ շատ ենք լսել», - հիշեցրեց «Առավոտ»-ի խմբագիրը:

Արամ Աբրահամյանին անհասկանալի է թվում նաեւ այն, որ թիրախի տակ են հայտնվել հատկապես կրթության եւ գիտության, գյուղատնտեսության, ֆինանսների եւ առողջապահության նախարարությունները:

«Եկեք ճիշտ գնահատենք կոռուպցիայի չափերը. դպրոցի տնօրենը ուսուցիչ նշանակելու համար վերցնում է 2-3 հազար դոլար կաշառք: Արդարադատության խորհուրդը դատավոր նշանակելու համար վերցնում է 200 հազար դոլար: Որտե՞ղ է ավելի շատ կոռուպցիան, ինչո՞ւ չի խոսվում այն կոռուպցիայի մասին, որը հարյուրապատիկ ավելի մեծ է», - հարցնում է Արամ Աբրահամյանը:

Հանգամանքը, որ քննադատության են արժանացել հատկապես վերը նշված նախարարությունները, թերեւս պայմանավորված է կոռուպցիայի հանրային ընկալման առանձնահատկություներով: Այս կարծիքին է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Վարուժան Հոկտանյանը: Կազմակերպության` օրերս հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը հետընթաց է ապրել:

«Դա հենց այն ոլորտներն են, որտեղ շարքային բնակիչը առավել հաճախ է շփվում կոռումպացված չինովնիկների հետ», - նշեց Հոկտանյանը` խուսափելով կանխատեսումներ անել առաջիկա 10 օրվա ընթացքում իրականացվելիք քայլերի արդյունավետության վերաբերյալ:

Արամ Աբրահամյանը, մինչդեռ, կարծում է, որ սա վարչապետի անձնական PR-ն է. - «Դա անձամբ վարչապետի քարոզչական հնարք է, որովհետեւ տնտեսական ցուցանիշները վատ են, ինչ-որ ձեւով նա պետք է իրեն դրսեւորի, որ ահա` այս ոլորտում նա շատ անզիջում պայքար է մղում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG