Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ին ընդդիմությունը նաեւ 6-ժամյա պիկետ կանցկացնի


Ընդդիմության հանրահավաքը Մատենադարանի մոտ: 15-ը հոկտեմբերի, 2010 թ.

Ընդդիմության հանրահավաքը Մատենադարանի մոտ: 15-ը հոկտեմբերի, 2010 թ.

Հայ ազզային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը նոյեմբերի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում կանցկացնի 6-ժամյա պիկետ: կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, ակցիան կազմակերպվում է Երեւանում այդ օրը մեկնարկող «Եվրամիություն – Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարի կապակցությամբ, որտեղ քննարկվելու են արդար դատավարության իրավունքին եւ անկախ դատական համակարգին առնչվող հարցեր: Նույն օրը, հիշեցնենք, նշանակված է Կոնգրեսի հերթական հանրահավաքը:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Զուրաբյանը հայտարարեց, թե «իշխանության շուրջը օղակը սեղմվում է»:

Փաստարկելով իր պնդումը` ընդդիմադիր գործիչը թվարկեց. - «Սոցիալ-տնտեսական իրավիճակի արագընթաց վատթարացում: Երկրորդ ուղղությունը դա Եվրոպայի խորհրդի ճնշումների ուժեղացումն է. վճռորոշ մի պահ է ստեղծվել, քաղբանտարկյալների շուրջ իրավիճակը թեժանում է: Երրորդը` բացահայտվել են կրիմինալ խմբեր ե'ւ Միացյալ Նահանգներում, ե'ւ Ռուսաստանում, որոնք կապ ունեն այս ռեժիմի հետ: Չորրորդը դա ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված ճնշումների ահագնացումն է»:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով նույնպես այսօր հանդիպման էր հրավիրել լրագրողներին, Զուրաբյանի հայտարարությունների կապակցությամբ ասաց. - «Ընդամենը որպես ընդդիմադիր ոգեւորիչ խոսք է ասել, բայց ոչ մեզ համար: Իշխանությունները օղակված եւ այլն... այդ տերմինները ինձ համար պարզաբանելի չեն: Առավել եւս` ասեմ, որ իշխանությունները բռունցք ունեն եւ այդ բռունցքը չի բացվում, եւ դա մեր ազգի, ժողովրդի, պետության համար անհրաժեշություն է»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանը, սակայն, համոզված է, որ «ժողովրդի նոր ընդվզման համար կան նախադրյալներ». - «Այս ընդվզմանը այլեւս մեկուսացած ռեժիմը չի կարողանա նույն պատասխանը տալ, ինչ որ տվեց 2008 թվականի մարտի 1-ին, երբ որ վայելում էր լիակատար աջակցությունը միջազգային հանրության»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, ընդդիմությանը հայտնի է, թե միջազգային կառույցները ինչպիսի ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա. - «Փաստորեն ռեժիմին ստիպում են մտածել այն մասին, որ քաղբանտարկյալները ազատվեն մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի նստաշրջանը: Հունվարի սպասվում է Եվրոպայի խորհրդի [մարդու իրավունքների հարցերով] հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցը Հայաստան: Բացի դրանից, Հայաստան կժամանեն նաեւ համազեկուցողները: Մենք տեղեկություններ ունենք, որ արդեն ոչ պաշտոնական շփումների ժամանակ բավականին լուրջ ճնշումներ եղել են: Պաշտոնական այցերը ուղղակի ամրապնդելու են այդ ճնշումները, եւ բոլոր նախադրյալները կան, զուգորդելով միջազգային ճնշումները, մեր ժողովրդի կողմից համաժողովրդական շարժման ճնշումների հետ, հասնել քաղբանտարկյալների ազատմանը»:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանը այս կապակցության ասաց. - «Միշտ էլ թվում է, որ ինչ-որ ճնշումներ կան եւ այդ ճնշումների հետեւանք պիտի լինեն մեր գործողությունները: Այդպիսի բան չկա: Մի բան պարզ է, որ իշխանությունները երբեք ու երբեք ապօրինի կարգով որեւէ մեկին հենց այնպես, առանց պատճառաբանության բաց չեն թողնելու»:

Իսկ ժողովրդի նոր ընդվզման նախադրյալների կապակցությամբ ՀՀԿ-ի փոխնախագահը հակադարձեց. - «Ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ անցյալում է եղել, որ հայ ժողովուրդը ընդվզման ճանապարհով ինչ-որ խնդիրներ լուծի: Այսինքն` մենք հեղափոխական ժողովուրդ չենք»:



Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG