Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը հրապարակեց լրտեսության մեղադրանքով ձերբակալվածների անունները


Լրտեսության մեջ մեղադրվող Պետրե Դավրիշաձեի (աջից երկրորդը) ձերբակալությունը Բաթումիում

Լրտեսության մեջ մեղադրվող Պետրե Դավրիշաձեի (աջից երկրորդը) ձերբակալությունը Բաթումիում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը հրապարակեց Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվածների անունները։

Հակահետախուզության դեպարտամենտի ղեկավարը հայտնեց, որ ձերբակալել են 13 մարդու, նրանցից 9-ը Վրաստանի քաղաքացի են, 4-ը` Ռուսաստանի։

Ձերբակալվածների մեջ երկու հայ կա, որոնց անունները հրապարակվել էին դեռ օրեր առաջ` Բաթումիի ընկերություններից մեկի ղեկավար Արմեն Գեւորգյանն ու նրա տեղակալ Ռուբեն Շիկոյանը։ Ըստ ուրբաթ օրը հրապարակված նյութերի` նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են։

Հայազգի գործարարները մեղադրվում են Ռուսաստանի ռազմական հետախուզությանը Վրաստանի պաշտպանության նախարարության գաղտնի գնումների մասին ինֆորմացիա փոխանցելու մեջ։

Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են լրտեսության եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների, ավելի կոնկրետ` Ռուսաստանի ռազմական հետախուզության հետ համագործակցելու համար:

Ձերբակալվածներից 6-ը Վրաստանի ռազմաօդային ուժերի օդաչուներ են` Գաբրիել Ուստալիշվիլին, Դավիթ Մեսխիձեն, Գելա Կակաբաձեն, Գոչա Դիասամիձեն, Վյաչեսլավ Պլուժնիկովը եւ Տարիել Աբաշիձեն։ Նրանք մեղադրվում են ավիացիոն անձնակազմերի, օդանավերի, ռազմական տեխնիկայի, սպառազինությունների, ռազմական ուժերի պատրաստվածության, վարժությունների, հավաքների մասին գաղտնի ինֆորմացիա փոխանցելու մեջ։

Ձերկալվածներից 4-ը գործարարներ են` Արմեն Գեւորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Ռուսլան Գալոգրեն ու Պետրե Դավրիշաձեն, վերջինս նույնպես Ռուսաստանի քաղաքացի է։

Ռուսաստանի քաղաքացի է նաեւ Յուրի Սկրիլնիկովը, որը համարվում է ռազմական հետախուզության կապավորը, ըստ գործի` հանդիպումներ է կազմակերպել, գաղտնի տեղեկատվությունը դուրս բերել Վրաստանից։

Ձերբակալվածների թվում է նաեւ Գլոբալիզացիայի ինստիտուտի հիմնադիր Բակուր Կիգուրաձեն։ Նա մեղադրվում է արտասահմանյան պետությունների հետ Վրաստանի ռազմական համագործակցության մասին տեղեկատվություն փոխանցելու մեջ։

13-րդ ձերբակալվածը ռադիոմասնագետ, ծովային Էդուարդ Աբդուլաեւն է, որը, ըստ մեղադրանքի, ռազմական կապի վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն է փոխանցել:

Վրաստանի լրատվամիջոցները նշում են, որ «վարդերի հեղափոխությունից» հետո մինչեւ հիմա Վրաստանում 50 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG