Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 5-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը խմբագրականում գրում է. - «Երկիրն արդեն թեւակոխել է աշնան վերջին ամիսը, բայց քաղաքական կյանքի սուբյեկտները դեռեւս որեւէ կերպ չեն դրսեւորում առաջիկա ընտրապայքարին նախապատրաստվելու լուրջ մտադրություններ։ Կարծում ենք, ներկա աշունը այդպես էլ քաղաքական չդառնալու գլխավոր պատճառները թաքնված են.
ա) հին «քաղաքական հաշիվների» վրա հիմնվող ընդդիմության արմատական հատվածի շրջանում քաղաքական հզոր իներցիայի պահպանման, բ) արտաքին-քաղաքական գործընթացների հանդեպ անհիմն ու անառողջ ակնկալիքների գոյության, գ) քաղաքականությունը անձանց միջեւ պարզ հարաբերությունների մակարդակին իջեցնելու, գ) քաղաքական նոր կուլտուրա ու գործելակերպ արմատավորելու առաքելություն ունեցող գործիչների բացակայության մեջ»։

Ղարաբաղյան կարգավորման տարբերակների վերաբերյալ «Ժամանակ»-ը զրուցել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հետ: Նա ասում է. - «Կարող ենք ասել, որ Դեյթոնը լավ տարբերակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Սակայն Դեյթոնի պարագայում տեղի ունեցան ռմբակոծումներ, որոնք ՆԱՏՕ-ի շուրջ 3000 զինվորների կողմից ռմբակոծումների հետեւանքն էին: Լեռնային Ղարաբաղի խնդրի դեպքում միջազգային հանրության մոտ քաղաքական եւ ռազմական այդպիսի ներգրավվածություն ունենալու ցանկություն չկա, որը կստիպեր Հայաստանին եւ Ադրբեջանին գնալու նման համաձայնագրի: Եթե Հայաստանը ու Ադրբեջանը կարողանան հասնել այդպիսի համաձայնության, միջազգային հանրությունը կհետեւի նրանց` ամրացնելով նրանց կայացրած համաձայնությունը: Ուստի քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը եվրոպական եւ ամերիկյան զինվորական ներկայության շուրջ համաձայնության չեն եկել, միջազգային հանրությունն էլ ոչինչ չի կարող պարտադրել»:

«Իրավունք»-ի թղթակիցը Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանին (ՀՀԿ) հարցնում է. - «Ինչպե՞ս եք վերաբերվում Վահան Հովհաննիսյանի կողմից արված այն հայտարարությանը, որ չի բացառվում մի օր քնենք-զարթնենք ու տեսնենք, որ հայտնվել է ճանապարհային քարտեզը, ի դեպ, Մամեդյարովը նույնպես այդ մասին է խոսում»: Պատգամավորը պատասխանում է. - «Այդ հարցերի կոնտեքստում ես որեւէ մտավախություն չունեմ: Ինչ վերաբերում է Աստանայի գագաթնաժողովին, որ իբր բեկում է սպասվում, որ դրանից հետո նոր ակնկալիքներ կարող են լինել, ըստ իս, դա նրանց ցանկություններն են, եւ առաջին դեպքը չէ, որ իրենք ինչ ցանկանում են, այն էլ ներկայացնում են որպես իրողություն: Նրանք ունեն իրենց խնդիրները եւ սպասելիքները: Այնպես որ, չեմ կարծում, որ Աստանայի հանդիպումից հետո կարող է բեկում լինել»:

«Առավոտ»-ը գրում է. - «ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանի օրակարգից «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ» բանաձեւի նախագիծը հանվել է»: Այս մասին, թերթի փոխանցմամբ, panorama.am-ի ետ զրույցում տեղեկացրել է Ազգային ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը դեմ էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանաձեւ քննարկվեր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, քանի որ այդ հիմնախնդրի հետ կապված բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափում: Միաժամանակ, «Առավոտ»-ի տրամադրության տակ է հայտնվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեւիդ Հոբսի նամակը` ուղղված վեհաժողովի անդամներին` առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւի նախագիծը օրակարգից հանվել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Զիյաֆաթ Ասկյարովի խնդրանքով, որը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին տեղեկացրել էր, որ ադրբեջանական պատվիրակությունը չի կարող ներկա լինել վեհաժողովի մոտակա նստաշրջանին` իր երկրում սպասվող ընտրությունների պատճառով, եւ խնդրել էր այդ նախագծի քննարկումը հետաձգել»:

«Իրատես de facto»-ի թղթակիցը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարցնում է. - «Օրերս մի շարք մշակութային խմբերի ղեկավարներ անդամագրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին»: Նախարարը պատասխանում է. - «Իսկ ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս. համալրեցին, համալրեցին: Այդ տեղեկությունն ինձ առանձնապես չի հետաքրքրում: Նրանք ոչ թե համալրեցին, այլ արդեն համալրված էին: Բայց սա օրակարգի խնդի՞ր է այսօր»: Լրագրողը նշում է. - «Նրանք նեղացել են Ձեզնից ու դիմել են «ԲՀԿականացման» քայլին», ինչին Հասմիկ Պողոսյանը արձագանքում է. - «Եթե մարդիկ ուզում են քննարկել իրենց խնդիրները, պատասխաններ, օժանդակություն ստանալ, ուրեմն ի՞նչն է խանգարում: Ոլորտ է, մեկը կարող է դժգոհ լինել, մյուսը` գոհ, մեկը կարող է իր դժգոհությունը ինչ-որ կերպ արտահայտել: Եթե մշակույթի գերատեսչության անուշադրությունից են բողոքում, միանշանակ անարդարացի է»: Հարցին էլ, թե ինչպես է վերաբերվում մշակույթի ոլորտի կուսակցականացմանը, նախարարը պատասխանում է. - «Ինքս անկուսակցական եմ, Հանրապետական կուսակցության քվոտայով եմ զբաղեցնում նախարարի պաշտոնը: Կարծում եմ` կուսակցականությունը մշակույթի ոլորտում չպետք է մասսայականություն կրի, որովհետեւ այստեղ կա մի չափանիշ` ստեղծագործական որակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG