Մատչելիության հղումներ

logo-print

Չինաստանի ղեկավարը` մոլորակի ամենաազդեցիկ մարդ


Չինաստանի նախագահ Հու Ձինթաո

Չինաստանի նախագահ Հու Ձինթաո

Forbes-ը հրապարակել է աշխարհի ազդեցիկ մարդկանց ցանկը, որում տեղ են գտել քաղաքական եւ պետական գործիչներ, գործարարներ եւ նույնիսկ ահաբեկիչ։

Ամերիկյան հեղինակավոր հանդեսի փոխանցմամբ` աշխարհի ամենաազդեցիկ մարդը Չինաստանի ղեկավար Հու Ձինթաոն է։ «Ի տարբերություն Արեւմուտքի առաջնորդների` Հուն, ով 1 միլիարդ 300 միլիոն մարդկանց, այսինքն` մոլորակի բնակչության մեկ հինգերորդի ղեկավարն է, կարող է փոխել գետերի հունը, կառուցել քաղաքներ, բանտ նետել այլախոհներին եւ գրաքննել ինտերնետը։ Տակավին վերջերս Չինաստանը ճանաչվել է աշխարհի երկրորդ տնտեսությունը` առաջ անցնելով Ճապոնիայից», - նշել է Forbes-ը։

Աշխարհի երկրորդ ազդեցիկ մարդը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման է, ով, ինչպես նշում է հանդեսը, «Կոնգրեսի վերջին ընտրությունների արդյունքում զրկվեց Ներկայացուցիչների պալատի աջակցությունից եւ հիմա կարող է մխիթարվել այն մտքով, որ մոլորակի ամենահզոր բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է, ամենադինամիկ տնտեսությամբ երկրի նախագահը եւ կրում է «ազատ աշխարհի առաջնորդի» ոչ պաշտոնական տիտղոսը»։

Մոլորակի երրորդ ազդեցիկ գործիչը Սաուդյան Արաբիայի միապետության արքա Աբդալա բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդն է։ Այդ անապատային երկրի ընդերքում են աշխարհի նավթի ամենամեծ պաշարները, այդ երկիրն է ապահովում ամբողջ արդյունահանվող նավթի մեկ հինգերորդը` 266 միլիարդ բարել, որի գինն այսօրվա դրությամբ կազմում է 22 տրիլիոն դոլար, այդ երկրում են իսլամի երկու ամենահայտնի սրբավայրերը` Մեքքան եւ Մեդինան։

Forbes-ի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում չորրորդը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն է։ Հանդեսը գրում է, թե Ռուսաստանի վարչապետն ավելի հզոր է, քան իր իսկ ընտրած նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ «ՊԱԿ-ի նախկին գործակալ Պուտինը, ով ունի վերջին խոսքի իրավունքը մոլորակի ցամաքային հատվածի մեկ իններորդում, 2012 թվականին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի իր առաջ քաշած նախագահին, ով ցանկում 12-րդն է», - նշում է Forbes-ը։

Աշխարհի հինգերորդ ամենաազդեցիկ մարդը 1 միլիարդ 100 միլիոն կաթոլիկների հովվապետ Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապն է, վեցերորդ տեղում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, յոթերորդը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը, ութերորդը` Միացյալ Նահանգների կենտրոնական բանկի նախագահ Բեն Բեռնանկեն, իններորդ տեղում ծագումով իտալուհի Սոնիա Գանդին է` Հնդկաստանի սպանված վարչապետ Ռաջիվ Գանդիի այրին, ով ղեկավարում է «Կոնգրես» կուսակցությունը։ Տասնյակը եզրափակում է Microsoft ընկերության հիմնադիր, գործարար եւ բարերար Բիլ Գեյթսը, ով միլիարդատերերի ցանկում այսօրվա դրությամբ երկրորդ տեղում է։

Forbes հանդեսի կազմած ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում կան նաեւ հանցագործներ` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման կազմակերպիչ ահաբեկիչ Ուսամա բին Լադենը 57-րդ տեղում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG