Մատչելիության հղումներ

Գործարարությամբ զբաղվելու դյուրինության ամենամյա վարկանիշային ցանկում Հայաստանը այս տարի նահանջել է 5 կետով: Համաշխարհային բանկի հրապարակած Doing Business ամենամյա զեկույցում Հայաստանը 183 պետությունների շարքում զբաղեցրել է 48-րդ տեղը:

Հետխորհրդային տարածքի առաջատարը կրկին Վրաստանն է: Հայաստանի հյուսիսային հարեւանը թեեւ նախորդ տարվա համեմատ նահանջել է մեկ կետով, անուհանդերձ շարունակում է համաշխարհային առաջատարների թվում մնալ` զբաղեցնելով 12-րդ հորզիոնականը:

Հայաստանի մյուս հարեւան պետությունը` Ադրբեջանը, Համաշխարհային բանկի հրապարակած ցուցակի 54-րդ տեղում է:

Իսկ գործարարությամբ զբաղվելու համար ամենանպաստավոր պայմաններն աշխարհում, ըստ Համաշխարհային բանկի փորձագետների, այսօր Սինգապուրում են:

Համաշխարհային բանկի մասնագետները զեկույցը կազմելու ընթացքում վերլուծել եւ համադրել են տնտեսական վարչարարությանը վերաբերող մի քանի տասնյակ ցուցանիշները` փորձելով նաեւ պարզել, թե որ պետություններն են տարեցտարի բարեփոխում բիզնեսին վերաբերող օրենսդրական բազան` առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով գործարարության եւ ներդրումների համար:

Այս տարի բարեփոխումների տեմպերով առաջատարը Ղազախստանն է: Այս պետությունը նախորդ տարվա համեմատ 15 կետով բարելավել է իր դիրքերը:

Ինչ վերաբերում է կոնկրետ ցուցանիշներին, ապա այստեղ Հայաստանը մոտ է տարածաշրջանում արձանագրված միջին արդյունքներին: Այսպես, Հայաստանում եւ Ադրբեջանում բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործառույթների թիվը 6-ն է, Վրաստանում` ընդամենը 3-ը: Վրաստանում գործարարը զրոյից կարող է բիզնես սկսել 3 օրվա ընթացքում, Ադրբեջանում այդ ժամկետը մոտ մեկ շաբաթ է կազմում, Հայաստանում` 15 օր: Փոխարենը` Հայաստանում եւ Ադրբեջանում շատ ավելի քիչ գումար է անհրաժեշտ բիզնես սկսելու համար, քան Վրաստանում:

Համաշխարհային բանկի մասնագետները առանձին ուսումնասիրություն են անցկացրել, որը վերաբերում է շինարարական բիզնեսում տիրող իրավիճակին:

Վրաստանում շինարարություն իրականացնելու համար գործարարը 10 իրավական ընթացակարգ պետք է անցնի, Հայաստանում այդ թիվը կրկնապատիկ ավելին է: Շինարարության ոլորտում բյուրոկրատական քաշքշուկներն առավել նկատելի են Ադրբեջանում, որտեղ պետությունից շինարարություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար մոտ 31 տարբեր գործառույթներ են պահանջվում:

Շինարարության թույլտվության ժամկետների առումով առաջատարը կրկին Վրաստանն է: Այստեղ այդ թույլտվությունը կարելի է ստանալ 98 օրում, Հայաստանում` 137, Թուրքիայում` 188, իսկ Ադրբեջանում` 207 օրում:

Սեփականության գրանցման առումով, ըստ Համաշխարհային բանկի, Հարավային Կովկասի տարածաշրջանում լուրջ խնդիրներ չկան: Վրաստանում սեփականությունը կարելի է գրանցել ընդամենը 2 օրում` մեկ դիմումի հիման վրա, Հայաստանում այդ ժամկետը հասնում է մեկ շաբաթի, իսկ Ադրբեջանում 11 օր է կազմում:

Անդրադառնալով հարկային վարչարարության խնդրին` զեկույցի հեղինակները հաշվարկել են, թե միջինը որքան ժամանակ է տրամադրում գործարարն այս կամ այն երկրում հարկերի վճարման հետ կապված խնդիրների լուծմանը:

Հայաստանցի գործարարը հարկերի վճարման վրա տարեկան միջինը ծախսում է 581 ժամ կամ 24 օր: Սա Արեւելյան Եվրոպայում արձանագրված ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Այս առումով Հայաստանը զիջում է միայն Բուլղարիային, Ուկրաինային եւ Բելառուսին:

«Վրաց գործարարը հարկային մարմինների հետ շփման վրա տարեկան ծախսում է 387 ժամ, Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում է 306 ժամ», - նշում են Համաշխարհային բանկի փորձագետները:

Տարեկան հարկային մարմիններին կատարվող վճարումների ընդհանուր թիվը եւս Հայաստանում բավական մեծ է` այն հասնում է հինգ տասնյակի: Ադրբեջանում եւ Վրաստանում այդ վճարումների քանակը մոտ երեք անգամ պակաս է` ընդամենը 18 վճարում ֆինանսական ողջ տարվա ընթացքում:

Ինչ վերաբերում է գանձվող հարկերի ծավալին, ապա այս առումով Հարավային Կովկասի տարածաշրջանում գործարարների համար առավել բարենպաստ պայմաններ է ապահովում վրացական օրենսդրությունը: Ըստ զեկույցի հեղինակների` Վրաստանում բիզնես ծավալած գործարարը հարկերի տեսքով պետությանն է վճարում իր ստացած շահույթի 15 տոկոսը: Ադրբեջանում եւ Հայաստանում այս ցուցանիշը հասնում է 40 տոկոսի:

Վերլուծելով արտաքին առեւտրի ծավալման համար ստեղծված պայմանները` Համաշխարհային բանկի մասնագետներն արձանագրում են. - «Որեւէ ապրանք արտահանելուց առաջ Ադրբեջանի տարածքում բիզնեսով զբաղվող գործարարը պետք է 9 փաստաթուղթ ներկայացնի, Վրաստանում այդ թիվը 4 է, իսկ Հայաստանում ընդամենը 3 փաստաթուղթ է անհրաժեշտ: Ներկրման պարագայում թվային ցուցանիշները հետեւյալն են` Վրաստանում անհրաժեշտ է 4 փաստաթուղթ ներկայացնել պատկան մարմիններին, Հայաստանում եւ Ադրբեջանում` 6-ական»:

Զեկույցի հեղինակները հաշվարկել են նաեւ բեռնափոխադրումների միջին ծախսերը: Այսպես, ապրանքով բեռնված մեկ կոնտեյների արտահանման վրա հայաստանցի գործարարը ծախսում է 1665, վրացին` 1330, իսկ ադրբեջանցին` մոտ 3 հազար դոլար: Ներկրման դեպքում մեկ կոնտեյների գինը Վրաստանում կազմում է մոտ 1300, Հայաստանում` մոտ 2000, իսկ Ադրբեջանում` ավելի քան 3400 ամերիկյան դոլար:

Անդրադառնալով բիզնեսի ծավալման ընթացքում գործընկերների միջեւ ծագող վեճերի հանգուցալուծման խնդրին` զեկույցի հեղինակները հաշվարկել են. - «Դատական կարգով առեւտրային պարտքը վերադարձնելու համար Վրաստանում եւ Հայաստանում պահանջվում է միջինը 285 օր կամ 9.5 ամիս: Ադբեջանում այս ցուցանիշը փոքր-ինչ պակաս է` 237 օր»:

Ամփոփելով տնտեսական տարվա արդյունքները` զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ իրավիճակը Հայաստանում լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Միակ ոլորտը, որում, ըստ Համաշխարհային բանկի մասնագետների, որոշակի բարելավումներ են եղել, արտաքին առեւտրին վերաբերող օրենսդրությունն է:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG