Մատչելիության հղումներ

Կիրո Մանոյան. «Պիտի հաշվի առնել, որ ԱՄՆ-ում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել»


Կիրո Մանոյան

Կիրո Մանոյան

«Պիտի հաշվի առնել, որ [ԱՄՆ-ում] նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, եւ դա նոր հնարավորություններ կտա աշխատելու», - ասաց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով ամերիկահայ լոբբիստական կառույցների գործունեության վրա ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքների հնարավոր ազդեցության մասին:

«Սպիտակ տունը նույն հակակշիռը չի ունենա Ներկայացուցիչների պալատի վրա, ինչ մինչ այժմ ուներ` Օբամայի [պաշտոնավարման] առաջին երկու տարիների ընթացքում, դա արդեն նոր հնարավորություններ կտա աշխատելու», - նշեց դաշնակցական գործիչը` մանրամասնելով. - «Խոսքը վերաբերում է ոչ միայն ցեղասպանության բանաձեւին, այլ նախաձեռնությունները, որոնք վերաբերում են Արցախին կամ Հայաստանի Հանրապետությանը` այդ բոլորի համար կստեղծվի շարժվելու նոր հնարավորություն, հատկապես հաշվի առնելով, որ այն թեկնածուները, որոնց աջակցում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ավելի քան 90 տոկոսով ընտրվել են»:

Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ ընտրությունների արդյունքները փոփոխություններ առաջացնեն հայ - թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի մոտեցումներում, Մանոյանը արձագանքեց. - «Ուղղակիորեն պատճառ չկա կարծելու, որ պաշտոնական Վաշինգտոնը ինքը ինքնաբերաբար` որպես հետեւանք ընտրություններին, կփոխի, բայց, կարծում եմ, հատկապես Ղարաբաղի հարցում կարելի է ակնկալել որոշ փոփոխություն Ներկայացուցիչների պալատի ակտիվության մեջ»:

«Օրինակ, երբ որոշվել է Ղարաբաղին նախ մարդասիրական, վերջը` զարգացման օժանդակություն, աջակցություն տրամադրել, սպասվում էր, որ մինչեւ այսքան գումար կարելի է հատկացնել, Պետքարտուղարությունն այդ մեկնաբանել է, որ «մինչեւ»-ը «մինչեւ» է նշանակում, չի նշանակում, որ այդ գումարը պետք է որ մենք ծախսենք», եւ չի ծախսել: Բայց հիմա, հատկապես հաշվի առնելով, որ Սպիտակ տան բնակչի կուսակցությունից չէ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը, կարող են իրենք ավելի ակտիվ հետապնդել այդ հարցը, ավելի ձայն բարձրացնել, եւ ուրեմն` Պետքարտուղարությունն էլ ստիպված ճշտված գումարը ծախսի», - ասաց դաշնակցական գործիչը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները պնդում են, որ վերջին 12 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված 61 միլիոն դոլար օգնության միայն 36 միլիոնն է հասել հասցեատիրոջը, իսկ վերջին երկու ֆինանսական տարիներին Ղարաբաղին հատկացվել է ամերիկյան օգնության ընդամենը մեկ քառորդը: Պատճառը, ըստ Հայ դատի հանձնախմբի, Պետդեպարտամենտի քաղաքականությունն է:

«Հարցը միայն գումարի քանակը չի, հարցը այն է, որ Կոնգրեսում ինչ-որ տրամադրություն կա, եւ այդ տրամադրությունից փորձում է խուսանավել կամ խուսափել գործադիրը, այս դեպքում հավանականություն տեսնում եմ, որ Ներկայացուցիչների պալատը ակտիվ հետապնդի, որ իր որոշումները ճիշտ գործադրվեն», - ընդգծեց Կիրո Մանոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG