Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԳԱ-ում քննարկումներ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շուրջ


Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում երեկ քննարկումներ են տեղի ունեցել «Ժողովուրդների ինքնորոշման իրավունք» օրակարգային կետի շուրջ, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել մոտ չորս տասնյակ երկրների պատվիրակություններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` քննարկումների ժամանակ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, մասնավորապես, նշել է, որ Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ազգերի ինքնորոշման իրավունքը, կատարել է իր սուվերենության օգտին ընտրությունը եւ այդ նպատակին հասնելու համար գործադրել բոլոր իրավական մեխանիզմները: Նա կարեւորել է ՄԱԿ-ի դերակատարումը եւ մանդատը` երաշխավորելու համար ազգերի եւ ժողովուրդների կողմից անվերապահ ու մշտական հիմունքով ինքնորոշման իրավունքի իրականացումը:

Հայաստանի ներկայացուցիչը զավեշտալի է համարել այն փաստը, որ Ադրբեջանն առհասարակ ելույթ է ունենում օրակարգի տվյալ կետի ներքո` միեւնույն ժամանակ փորձեր կատարելով անտեսել Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը:

«Շարունակվող քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության արդյունքում ադրբեջանական քաղաքներում հայերի հանդեպ կազմակերպվեցին ջարդեր, խոշտանգումներ, սպանություններ, որոնք աշխարհը ցնցեցին իրենց վայրագությամբ եւ բարբարոսությամբ: Սա էր Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղին, երբ վերջինս իրականացրեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Տարածաշրջանում ներկա իրավիճակն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների եւ, ի վերջո` ռազմական ագրեսիայի ու պատերազմի», - ասել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG