Մատչելիության հղումներ

Օբաման պատրաստ է համագործակցել հանրապետականների հետ


Բարաք Օբաման ասուլիս է տալիս Սպիտակ տանը, Վաշինգտոն, 3-ը նոյեմբերի, 2010թ.

Բարաք Օբաման ասուլիս է տալիս Սպիտակ տանը, Վաշինգտոն, 3-ը նոյեմբերի, 2010թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հույս ունի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ կառուցողական համագործակցության: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններից հետո` չորեքշաբթի ուշ երեկոյան Սպիտակ տանը տված ասուլիսում:

«Կարծում եմ, գլխավոր հարցն այն է լինելու, թե կարո՞ղ են արդյոք դեմոկրատներն ու հանրապետականները միասին նստել եւ այս հիմնական խնդիրների վերաբերյալ լուծումներ առաջարկել: Համոզված եմ, որ կարող են», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Նոյեմբերի 2-ին անցկացված միջանկյալ ընտրություններում ամերիկացիներն ընտրեցին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին եւ Սենատի 100 անդամներից 37-ին: Ընտրությունների արդյունքում հանրապետականները մեծամասնություն ստացան Ներկայացուցիչների պալատում, սակայն Օբամայի Դեմոկրատական կուսակցությունը պահպանեց իր վերահսկողությունը Սենատի նկատմամբ:

«Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիները դժգոհ են տնտեսության վիճակից», - մամլո ասուլիսի ընթացքում ասաց Օբաման` նշելով, թե որպես նախագահ իրեն պատասխանատու է համարում այս արդյունքի համար. - «Կասկած չկա, որ մարդկանց համար առաջին մտահոգությունը տնտեսությունն է, եւ նրանք հիասթափված են, որ մեզ չի հաջողվել բավարար տնտեսական առաջընթաց ապահովել: Մենք կայունացրել ենք տնտեսությունը, մենք մասնավոր հատվածում աշխատատեղեր ենք ավելացրել, սակայն մարդիկ ամբողջ Ամերիկայում չեն զգում այդ առաջընթացը»:

Իր հերթին, հանրապետական Ջոն Բեյնըրը, որը պատրաստվում է դառնալ նորընտիր Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը, ընտրություններից հետո հայտարարել է. - «Ժամանակն է, որ մենք քշտենք մեր թեւքերը եւ գործի անցնենք` մարդկանց պահանջներն ու առաջնահերթությունները բավարարելու` աշխատատեղեր ստեղծելու, ծախսերը կրճատելու եւ Կոնգրեսի գործելակերպը փոխելու ուղղությամբ»:

Օբաման իր ասուլիսում պատրաստակամություն է հայտնել ընդունել հանրապետականների խորհուրդներն ու օգնությունը երկրի տնտեսական վիճակը բերալավելու հարցում:

«Եթե հանրապետականները մտքեր ունեն, թե ինչպես բարելավել մեր առողջապահական համակարգը, եթե նրանք ցանկանում են առաջարկել այնպիսի վերափոխումներ, որոնք առավել արագ եւ արդյունավետ կդարձնեն առողջապահության ոլորտի ռեֆորմները, որ, ինչպես գիտեք, բավական թանկ էին շատ ընտանիքների, գործարարների եւ ֆեդերալ կառավարության համար, ապա մենք հաճույքով կքննարկենք այդ գաղափարները», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ընտրություններից հետո ելույթ են ունեցել նաեւ Tea Party շարժման առաջնորդները, որոնք էլ հենց, փորձագետների կարծիքով, ապահովեցին այս ընտրություններում հանրապետականների հաղթանակը:

Tea Party-ի ղեկավարներից Մարկ Մեքլերը, մասնավորապես, ասել է. - «Մեր հիմնադիր հայրերը ստեղծեցին մի Սահմանադրություն, որը թույլ է տալիս մեզ երկու տարին մեկ խաղաղ հեղափոխություն անցկացնել, եթե մենք դա նպատակահարմար ենք գտնում: Եվ երեկ երեկոյան մենք այդ հեղափոխությունը արեցինք: Երեկ երեկոյան մենք տեսանք, թե ինչպես է արեւը մայր մտնում մի Ամերիկայում, որին ժողովուրդն այլեւս չի աջակցում, եւ այսօր, երբ արթնացանք, արեւը ծագեց նոր մի Ամերիկայի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG