Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 4-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրականը գնահատում է Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի` թերթի հետ զրույցում հնչեցրած դիտարկումները: Վերլուծելով YouTube-ում հայտնված տեսագրությունները` Նիկոյանը համոզմունք է հայտնել, որ դրանք «մեր արժեհամակարգի դեմ կազմակերպված ոտնձգությունների արդյունք են, եւ այդ հարձակումը կատարվում է երեք ուղղությամբ` բանակ, դպրոց, սփյուռք»: «Որոշ վերապահմամբ համաձայն եմ, որ դրանք հարվածում են մեր արժեհամակարգին: Բայց դա անում են այն մարդիկ, որոնք իրենց թույլ են տալիս տվյալ հանցագործությունները, եւ ոչ թե նրանք, ովքեր այդ նյութը դնում են YouTube-ում: Իշխանություններն ուզում են անել իրենց ուզածը, բայց այնպես, որ դա որեւէ մեկը չլուսաբանի եւ չքննարկի, իսկ երբ դա լուսաբանվում եւ քննարկվում է, միանգամից համաշխարհային դավադրություն են բացահայտում: Իսկ վերապահումս վերաբերում է հետեւյալին. արդյոք մենք իսկապե՞ս ունենք արժեհամակարգ: Եթե այո, ապա ո՞րն է այն», - հարցադրումներ է հնչեցնում «Առավոտ»-ի խմբագիրը:

«Հրապարակ»-ին հարցազրույց է տվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Լրագրողը հարցնում է. - «Հանրապետականը պատրա՞ստ է երկրի ղեկը փոխանցել «Բարգավաճ Հայաստան»-ին, եթե իրենք 50 տոկոս հավաքեն եւ իրենց թեկնածուով գնան նախագահական ընտրությունների»: Սահակյանը պատասխանում է. - «Այդ հարցը չենք քննարկում, որովհետեւ ակտուալ չէ, որովհետեւ առաջիկա 15-20 տարում նման խնդիր դրված չէ եւ չի կարող լինել»: Հարց - «Բայց փաստորեն ԲՀԿ-ն այդ խնդիրը այնուամենայնիվ դրել է իր առաջ»: Պատասխան. - «ԲՀԿ-ն կարող է լիքը խնդիր դնել: ԲՀԿ-ն կարող է խնդիր դնել` Կուրիլյան կղզիներն էլ գրավել, բայց մենք ԲՀԿ-ին չենք կարող ասել` ինչո՞ւ ես դրել այդ խնդիրը»:

«Հետք» շաբաթաթերթը տեղեկություններ է հաղորդում Հայաստանի բնապահպանության նախարարությանը եւ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ին առնչող աղմուկ հանած չարաշահումների քննության ներկա ընթացքի մասին: Խոսքը, հիշեցնենք, վերաբերում է հիդրոլոգիական հատուկ նավի ձեռք բերման համար պետբյուջեից հատկացված միջոցների կորստին: Նշելով, որ այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է` «Հետք»-ը հետեւյալ ընդհանրացումն է անում. - «Պաշտոնյաները յուրացրել են 100 միլիոն դրամից ավելի գումար եւ առ այսօր չեն պատժվել ու չեն էլ պատժվելու: Մի պարկ ալյուր գողացող գյուղացին Հայաստանում շատ արագ կարող է հայտնվել բանտում, իսկ պետական բյուջեից միլիոններ գողացող պաշտոնյաների հետ ոչինչ չի պատահի: Սա Հայաստանում ընդունված խաղի կանոններն են, հանրապետությունում գործող իրական օրենքները: Եթե այդպես չլիներ, ապա այսօր առնվազն մի քանի պաշտոնյաներ պետք է գտնվեին բանտում»:

Վկայաբերելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ անցկացված ուսումնասիրության արդյունքները, «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանցիների 46 տոկոսն իր ապագան Հայաստանում չի տեսնում: Նշվում է, որ վերարտադրողական վարքագծի վրա ազդող հիմնական գործոններից են բնակարանային եւ կենցաղային պայմանները: Անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներից յուրաքանչյուր 10-րդը չունի սեփական բնակարան»:

Մեկնաբանելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նոր մտահղացումը, ըստ որի «Արի տուն» ծրագրի օրինակով նախարարությունն այժմ էլ մտադիր է կյանքի կոչել «Արի բանակ» ծրագիրը` «Կապիտալ»-ը գրում է. - «իրավական տեսակետից երիտասարդների և տիկին նախարարի համատեղ առաջարկն այսօր անիրագործելի է: Երիտասարդները թեև հայ են, սակայն այլ պետությունների քաղաքացիներ, իսկ ՀՀ «Զինապարտության մասին» օրենքով պարտադիր զինվորական ծառայության ենթակա են միայն ՀՀ քաղաքացիները: Այսինքն՝ այլ երկրների քաղաքացիները կարող են ծառայել հայկական բանակում միայն օրենքը փոխելու և ՀՀ-ի ու յուրաքանչյուր առանձին պետության միջև կնքված երկկողմ պայմանագրով նման հնարավորություն ամրագրված լինելու դեպքում միայն: Այս ամենը, իր հերթին, իմաստ կունենա այն պարագայում, երբ հայկական բանակում ժամկետային կամ պայմանագրային հիմունքներով ծառայելու ցանկություն հայտնեն զգալի թվով հայ երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից, ինչը անկախության 20 տարիներին չի նկատվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG