Մատչելիության հղումներ

Տնտեսական մրցակցության հանձնաժողովը կուսումնասիրի պանրի գների աճի պատճառները


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրելու է պանրի գնի բարձրացման պատճառները:

Հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նման որոշում է կայացվել այսօր` հաշվի առնելով, որ պանրի գնի բարձրացումը մեծ սոցիալական արձագանք է ստացել, եւ մամուլում թանկացման վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվում:

Ուսումնասիրության ավարտին արդյունքները կներկայացվեն հանրությանը:

Վերջին շաբաթներին տեղական արտադրության պանրի որոշ տեսակների գները Հայաստանում աճել են շուրջ 40 տոկոսով:

Պանրի գների աճից անմիջապես հետո` հոկտեմբերի 22-ին Պետական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով էին հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ: Նրանք պարզաբանել էին, որ պանրի թանկացումը պայմանավորված չէ մրցակցությանն առնչվող խնդիրներով, այլ հետեւանք է կաթի գնի բարձրացման: Տնտեսվարողների այս պարզաբանումը նույն օրը հանձնաժողովը տրամադրել էր մամուլին եւ հասարակությանը:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունը նշում է նաեւ, որ այս շուկան խիստ ցածր կենտրոնացվածություն ունի, չկան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ: Ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, շուկայում գործում է 78 գրանցված սուբյեկտ` չհաշված պանիր արտադրող բազմաթիվ գյուղացիական տնտեսությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG