Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 3-ի մամուլ


Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ եթե «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանա, ապա 2013-ի նախագահական ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով: «Խոսքը 50+1 մասին է. եթե մեր կուսակցությունը ստանա ժողովրդի մեծամասնության վստահությունը, նախագահական ընտրություններում կառաջադրի սեփական թեկնածուին, կամ էլ ԲՀԿ-ն կլինի այն առանցքը, որի շուրջ կհամախբվեն մնացածները», - մանրամասնել է Ծառուկյանի խոսնակը: Հարցին` սեփական թեկնածուն Ծառուկյա՞նն է լինելու, Խաչիկ Գալստյանը պատասխանել է. - «Ես ենթադրում եմ, որ կարող է լինել նաեւ պարոն Ծառուկյանը»: «Քաղաքական շրջանակներում խոսվում է, որ 2013-ին ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն կարող է լինել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Գալստյանը, սակայն, երեկ ասել է, թե նման հավանականություն այս խահին չի տեսնում», - հավելել է թերթը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական ճակատագրին, մասնավորապես, ՀՀԿ-ի հետ այդ կուսակցության հետագա հարաբերություններին է անդրադառնում «ժամանակ»-ը` հնչեցնելով հետեւյալ հարցադրումները. - «Ի՞նչ կարող է տալ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին: Փո՞ղ: Բայց չէ՞ որ ՀՀԿ-ում դրանից ունեցողները շատ-շատ են: Ֆիզիկական ուժ ու սափրագլուխնե՞ր: Բայց չէ՞ որ ՀՀԿ-ում դրանցից էլ շատ ունեն: Վարչական ռեսո՞ւրս: Բայց չէ՞ որ ՀՀԿ-ն ավելի շատ նախարարներ, փոխնախարարներ, գերատեսչական տարբեր ռանգի պաշտոնյաներ ունի: Հասարակական հեղինակությո՞ւն: Բայց չէ՞ որ եթե ԲՀԿ-ն հասարակական որեւէ հեղինակություն ունի, ապա դա կա միայն այն մարդկանց մոտ, ովքեր հավատում են, որ ԲՀԿ-ն չի ծառայում ՀՀԿ-ին: Այսինքն` եթե այդ հավատը կորի, ապա կկորի նաեւ հանրային հեղինակության այն ռեսուրսը, որ, ի տարբերություն ՀՀԿ-ի, կարող է ունենալ ԲՀԿ-ն: Այսինքն` ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը որեւէ հարցում չի կարող օգտակար լինել Հանրապետականին, բացառությամբ այն դեպքի, երբ իսկապես կարողանա բավական արհեստավարժ ձեւով ընդդիմություն խաղալ` այդպիսով փոշիացնելով իրական ընդդիմությանը գնալիք ձայները»: Հոդվածագիրը ՀՀԿ-ի հետ պայքարում «քաղաքական ջախջախում» է կանխատեսում «Բարգավաճ Հայաստան»-ի համար:

Ռուսաստանցի հայտնի գործարար, «Յուկոս» ընկերության նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկու` դատարանում հնչեցրած երեկվա հայտարարությունների առիթով «Հրապարակ»-ի խմբագրականը զուգահեռներ է տանում հայկական իրականության հետ եւ գնահատում. - «Պետք չէ ռուսական իրականության մեծ գիտակ լինել` հասկանալու համար, որ այդ երկրում իշխում են հասարակության համար վտանգ ներկայացնող անձինք. Խոդորկովսկու եզակի օրինակը բավական է, որպեսզի նման եզրակացության հանգես: Պետք չէ թափանցել հայաստանյան իշխանությունների խոհանոցն ու սպեկտրալ անալիզի ենթարկել նրանց, եթե Նիկոլ Փաշինյանը եւ մի տասնյակի չափ մարդիկ, որոնց միակ մեղքը հանրահավաքներ կազմակերպելն է ու դրանց մասնակցելը, իշխանափոխության կոչեր անելն ու իշխանափոխություն երազելը, բանտերում են, կնշանակի մեր երկիրը «հիվանդ երկիր» է, իսկ իշխանությունը` հիվանդ իշխանություն»:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ «դատելով Պետդեպարտամենտի եւ Ֆրանսիայի արտգործնախարարության դրական արձագանքներից, Ռուսաստանի նախագահը Աստրախանի հանդիպումը կազմակերպել էր՝ խորհրդակցելով ամերիկյան եւ ֆրանսիական կողմերի հետ». - «Այսինքն՝ փորձել է եթե ոչ բարեխառն, համենայն դեպս տանելի մթնոլորտ ստեղծել Աստանայի գագաթաժողովից առաջ, որպեսզի այնտեղ տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ 1996թ. Լիսաբոնում, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար սպառնում էին վետո կիրառել եւ տապալել Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի ընդունումը։ Այս առումով, կարծում եմ, Ռուսաստանի նախագահին այնուամենայնիվ ինչ-որ բան հաջողվել է, չնայած մեծ վերապահում ունեմ Իլհամ Ալիեւի պահվածքի վերաբերյալ։ Ամեն դեպքում, պետք է հուսալ, որ Ադրբեջանը կօգտագործի առաջիկա մեկ ամիսը ներքին ուսումնասիրություններ, վերլուծություններ, քննարկումներ, ինչու չէ՝ նաեւ իր մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ կոնսուլտացիաներ անցկացնելու համար եւ հայեցակարգային պատասխան կտա կարգավորման մեթոդաբանությանը, որ ներկայացնում են միջնորդները»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG