Մատչելիության հղումներ

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան` պնդելով, որ իր պատժաչափը սխալ է հաշվարկվել եւ պետք է վերանայվի:

Փաշինյանի փաստաբանները պնդում են, որ սխալ հաշվարկի հետեւանքով «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը կարող է շուրջ 5 ամիս ավելի մնալ անազատության մեջ:

2008-ի հետընտրական զարգացումների առնչությամբ Նիկոլ Փաշինյանը ազատազրկված է 2009 թվականի հուլիսի սկզբից: 2010-ի հունվարին նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ Փաշինյանի նկատմամբ համաներում է կիրառվել եւ պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատվել է:

Որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մայիսի 25-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի պատժաչափը սահմանել 3 տարի 10 ամիս 29 օր` նախնական կալանքի տակ գտնվելու 10 ամիսները եւս համարելով պատժի կրում: Ըստ այդ հաշվարկի, «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը պետք է ազատ արձակվի 2013 թվականի գարնանը: Մինչդեռ, պաշտպանական կողմը համոզված է, որ Նավասարդյանը պետք է կիսեր 7 տարվա ազատազրկման ժամկետը, վերջնաժամկետ համարեր 3.5 տարին, եւ Փաշինյանը 5 ամիս շուտ դուրս կգար բանտից:

«Որեւէ կերպ չի կարող նախնական կալանքը համարվել որպես պատիժ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը` համոզմունք հայտնելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ պարզապես հետապնդում է իրականացվում:

Գլխավոր դատախազությունը եւս չհիմնավորված է համարել Տիգրան Նավասարդյանի որոշումը: Դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վարդան Ավետիսյանը հուլիսի 8-ին միջնորդագիր է ներկայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին` առաջարկելով վերանայել որոշումը եւ Փաշինյանի վերջնական պատժաչափ սահմանել 3.5 տարվա ազատազրկումը: Սակայն այս միջնորդությունը մերժվել է եւ պատժաչափը մնացել է նույնը:

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց դատախազության դիրքորոշումը եւ, վկայակոչելով միջնորդագրի առնչությամբ Նավասարդյանից մերժում ստանալու հանգամանքը, ասաց, որ այս պարագայում դատապարտյալը, օգտվելով բողոքարկելու իր իրավունքից, կարող է պաշտպանության այլ միջոցներ գտնել, ինչը եւ անում է` դիմելով դատարան:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG