Մատչելիության հղումներ

Մալազիայում ձերբակալված վրացուհիներին մահապատիժ է սպառնում


Չորեքշաբթի օրը Մալազիայի դատարանը վճռելու է այդ երկրում ձերբակալված երկու վրացուհիների ճակատագիրը։ Նրանց մահվան դատավճիռ է սպառնում։

Դատական առաջին նիստը նշանակված է նոյեմբերի 3-ին։

Մալազիայի քրեական օրենսգիրքը շատ խիստ է թմրամիջոցների առեւտրի հարցում, թմրաբիզնեսով զբաղվողներին մահապատիժ է սպառնում։ Վրացուհիները ձերբակալվել են այդ մեղադրանքով։

Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Մալազիայի հետ, ինչը դժվարություններ է ստեղծում Վրաստանի իշխանությունների համար, որպեսզի բանակցություններ վարի իր քաղաքացիների Էքստրադիցիայի համար, այսինքն` ձերբակալվածներին ուղարկեն Վրաստան` այստեղ դատելու, պատասխանատվության ենթարկելու համար։

Նրանց մասին մանրամասն հաղորդում է հեռարձակել Real TV հեռուստաընկերությունը։

26-ամյա Բաբուշա Գորդաձեն եւ 37-ամյա Դարեջան Կախտաշվիլին ձերբակալվել են 10,5 կիլոգրամ հոգեմետ նյութեր Մալազիա հասցնելու համար, որոնց արժեքը սեւ շուկայում մոտավորապես 3 միլիոն դոլար է։

Գորդաձեի ընտանիքի անդամները պատմել են, որ երկու կանայք գնացել էին Թուրքիա, որտեղ հոկտեմբերի 11-ին հանդիպել էին Բաբուշայի ամուսին Էլդար Դավիթիանիի հետ, որը նախկինում մեղադրվում էր կողոպուտի համար։ Բաբուշայի ծնողները եւ քույրը մեղադրել են իրենց փեսային` ասելով, թե նա է խաբելով կնոջը ուղարկել Մալազիա ինչ-որ բանակցությունների համար։

Ձերբակալված մյուս վրացուհու` Դարեջանի աղջիկը պատմել է, որ մայրը Թուրքիա էր գնացել ընկերոջ հետ, բայց ուրիշ ծրագրերի մասին տեղյակ չէ։

Այլ աղբյուրների վկայությամբ` Դարեջանը նախկինում մի քանի անգամ փորձել էր Թուրքիա մեկնել. Նա պարտքեր ուներ եւ վաճառել էր իր բնակարանը։

Վրաստանի իշխանություններն ու հանրային պաշտպանը փորձում են օգնել մեղադրյալներին։ Օմբուդսմեն Գիորգի Տոգուշին խոստացել է հնարավորը անել նրանց օգնելու համար։ Նա ասել է, որ ծայրահեղ կարեւոր կլինի ստանալ Human Rights Watch-ի եւ Amnesty International-ի աջակցությունը։

Մալազիան օմբուդսմեն չունի, ուստի Գիորգի Տոգուշին ասել է, թե որոշել են աջակցության խնդրանքով դիմել Օմբուդսմենների ասիական ընկերակցությանը։ Միաժամանակ, նա մտահոգություն է հայտնել, որ Մալազիան միացած չէ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մի շարք կոնվենցիաների։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն է հետաքրքրվել իրենց քաղաքացիների ճակատագրով։ Նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գիորգի Տաբատաձեի պարզաբանումներով` Մալազիայում ձերբակալված վրացուհիները ճամփորդել են Ստամբուլից Մարոկկո, Կամերուն, այնուհետեւ` Մալազիա, որտեղ մաքսային ծառայությունը ստուգել է նրանց։ Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական դեպարտամենտի տնօրենի հաղորդագրության` ձերբակալված վրացուհիները, մերժելով մեղադրանքը, ասել են, թե Մալազիա են եկել որպես զբոսաշրջիկներ, բայց իրենց մի պայուսակ են տվել, որտեղից էլ հայտնաբերվել է թմրանյութը` թաքցված նկարի շրջանակի մեջ։

Վրաստանի նախագահի մամուլի խոսնակը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է, որ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մտահոգված է Մալազիայում ձերբակալված վրացուհիների հարցով։ «Վրաստանի կառավարության համար շատ կարեւոր է պահպանել յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։ Նախագահը կարծում է, որ այդ գործում դեռեւս շատ հարցականներ կան», - ասել է Վրաստանի նախագահի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG