Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը անկախության տարիներին Հայաստանից արտագաղթը համարում է «դեմգրաֆիական կատաստրոֆա»:

«Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ իրոք երկրում ծնելիության մակարդակը ցածր է, մահացության մակարդակը բարձր է», - խորհրդարանում հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը:

«Տնտեսական անվտանգության աջակցություն» նախաձեռնության հիմնադիր Արսեն Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների ու ՄԱԿ-ի ուսումնասիրությունների, «անկախության ամբողջ ժամանակաշրջանում` 1990 թվականից ի վեր Հայաստանից շուրջ 1.5 միլիոնով ավելի մարդ է դուրս եկել, քան վերադարձել են Հայաստան»:

Ծնելիության գործակիցը, որը խորհրդային տարիներին 2-ից բարձր է եղել (յուրաքանչյուր ընտանիքում առնվազն երկու երեխա), Արսեն Պետրոսյանի խոսքով, 2007 թվականից ի վեր այն կազմում է1.4, ինչը նշանակում է, որ չի ապահովվում վերարտադրությունը:

Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ, ըստ գիտնականների, արտագաղթի հիմնական պատճառները գործազրկությունն ու սոցիալական բեւեռացումն է:

Դալլաքյանի հարցմանը, թե ինչ է նախատեսվում դեմոգրաֆիական իրավիճակը փոխելու ուղղությամբ, Կառավարությունը գրավոր պատասխանում նշել է, որ 2009 թվականի հուլիսին հաստատվել է համապատասխան ռազմավարություն եւ միջոցառումների ցանկ մինչեւ 2030 թվականը:

Անդրադառնալով խնդրին, թե ինչ արդյունավետությամբ են կյանքի կոչվում կառավարության մշակած ռազմավարությունն ու միջոցառումները` Դալլաքյանը, վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները, ասաց. - «Համախառն ներքին արդյունքի 35-40 տոկոսը, իսկ դա մոտավորապես տարեկան 3 միլիարդ դոլարին համարժեք գումար է, ստվերային է: Պատկերացրեք, եթե ստվերային տնտեսության դեմ իրական պայքար մղվի, այդ միջոցները կարող են օգտագործվել կենսաթոշակները բարձրացնելու, հղիների նկատմամբ պետական քաղաքականություն իրականացնելու եւ ընդհանրապես սոցիալապես անապահով խավերի հիմնախնդիրները լուծելու նպատակով: Բայց, ցավոք սրտի, այդ քայլերը չեն կատարվում»:

Արտագաղթի պատճառների թվում մասնագետները նշում են երկրի անկայուն քաղաքական իրավիճակը, ոչ համապատասխան բիզնես իրավիճակը, մենաշնորհների առկայությունը: Այսինքն, անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան տնտեսական միջավայր, խթանել ներդրումները, ապահովել սոցիալական արդարության, օրենքի առջեւ բոլորի հավասարության խնդիրները եւ լուծել Դալլաքյանի ձեւակերպմամբ` «քաղաքական նշանակություն ունեցող մյուս կարեւորագույն խնդիրը». - «Ժողովուրդը պետք է ձեւավորի իր իշխանությունը, եւ ընտրությունների միջոցով պետք է փոխվի այդ իշխանությունը: Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարության այս կարեւորագույն նորմերը չեն իրականացվում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG