Մատչելիության հղումներ

Բելգիացի սենատորը հանդիպել է անհայտ կորածների ծնողների հետ


Բելգիացի սենատոր Դոմինիք Թիլմասնը: Երեւան, 2-ը նոյեմբերի, 2010թ.

Բելգիացի սենատոր Դոմինիք Թիլմասնը: Երեւան, 2-ը նոյեմբերի, 2010թ.

Բելգիայի սենատի «Բարեփոխումների շարժում» խմբի նախագահ, անհայտ կորածների հարցերով զբաղվող իրավապաշտպան Դոմինիք Թիլմասնը երեքշաբթի օրը Երեւանում հանդիպում ունեցավ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ու անհայտ կորածների ծնողների հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որն է իր այցի նպատակը եւ ինչով կարող է օգնել անհայտ կորածներին գտնելու եւ վերադարձնելու հարցում, տիկին Թիլմանսը պատասխանեց, որ ինքը անհայտ կորածներին կամ գերիներին վերադարձնելու մանդատ չունի: Նա ընդամենը ցանկանում է, որ հայերն ու ադրբեջանցիները «զրուցեն միմիանց հետ խաղաղության մասին»:

Այդ նպատակով Դոմինիք Թիլմասնը ծրագրում է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավարի հետ դեկտեմբերին այցելել Բաքու, որտեղ իրենց միացած ադրբեջանական համապատասխան կազմակերպության ներկայացուցչի հետո կմեկնեն Ժնեւ ու Կարմիր խաչի կենտրոնակայանում կբարձրացնեն անհայտ կորածների ու գերիների վերադարձի հարցը: Իսկ մարտի ամսին նույն կազմով կայցելել Երեւան:

Հանդիպմանը եկած ծնողներից Նոյեմզար Ղազարյանը, ով 1992 թվականին Մարտակերտում մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած «Արաբո» ջոկատից 19-ամյա Արտակ Սարգսյանի մայրն է, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մինչեւ օրս 17 տարի ասել են, որ կան, փոխանակելու ենք, բերենք: 17 տարի հետո դիսկեր էր գցել կայքի մեջ, ցույց են տվել, որ չկան, բոլորը զոհվել են»:

Խոսքը Youtube-ում հայտնված տեսանյութի մասին էր, որտեղ իբր պատկերված էին «Արաբո» ջոկատի զինվորների դիակները:

«Ես անձամբ չեմ տեսել իմ տղայիս: Կարմիր խաչից գնացել են, բայց ասում են` «Արաբոյի» մասին տեղեկություններ չունենք: Հույսեր ունենք, որ տղաների մասունքները գոնե վերադարձնեն Հայաստան», - ասաց Ղազարյանը:

Սամարա Գրիգորյանի որդին` Վրեժը, մարտական գործողություններին մասնակցել է նախ «Զեյթուն» ջոկատում, ապա Մարտակերտի Լենինավան գյուղի համար մղված մարտերում, որտեղ էլ անհայտ կորել է:

Տիկին Սամարան ասում է, որ You Tube-ում հայտնված տեսանյութում ճանաչել է իր որդուն:

Հարցին, թե ինչ են ակնկալում պատկան մարմիններից, Սամարա Գրիգորյանը պատասխանեց. - «Մենք խնդրում ենք, որ մեր պետական այրերը, Կարմիր խաչը մեր տղաների աճյունները վերադարձնեն, քանի մենք կենդանի ենք»:

XS
SM
MD
LG