Մատչելիության հղումներ

Կառավարությունը գումար է հատկացնելու թունաքիմիկատների գերեզմանոցի պահպանության համար


Թունաքիմիկատների գերեզմանոցը մաքրման աշխատանքները կատարելուց առաջ:

Թունաքիմիկատների գերեզմանոցը մաքրման աշխատանքները կատարելուց առաջ:

Հայաստանի ոստիկանությունը առաջիկայում կիրականացնի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի շուրջօրյա պահպանություն։ Համապատասխան որոշման նախագիծը կհաստատվի Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում: Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը կհատկացվի շուրջ 5 մլն 100 հազար դրամ` նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը` 4 հերթափոխով պահակային ծառայություն իրականացնելու համար:

«Պահակային ծառայություն այս պահին էլ իրականացվում է, ուղղակի այս նախագծով լուծվում է ոստիկանությանը գումար հատկացնելու հարցը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Կառավարությանը ներկայացված նախագծով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կընդգրկվի Հայաստանի ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաեւ կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկում` որպես «ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական վտանգավոր օբյեկտ»:

«Սողանքային գոտում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցը շարունակում է վտանգ պարունակել», - պնդեց Նիկոլայ Գրիգորյանը եւ ավելացրեց, որ նախարարության փորձագիտական խումբը օրերս եղել է գերեզմանոցում եւ ճեղքեր է հայտնաբերել:

«Խնդիրը լուծված համարել այս պահին չի կարելի», - հայտարարեց Գրիգորյանը:

Դեռեւս խորհրդային տարիներին կառուցված այս գերեզմանոցում թաղված շուրջ 512 տոննա թունաքիմիկատներն իրենց վտանգավորությամբ դասակարգվում են 1-ին եւ 2-րդ դասի:

Տարեսկզբին, հիշեցնենք, որոշ հասարակական կազմակերպություններ ահազանգեցին, որ թունաքիմիկատների գերեզմանոց են ներխուժել անհայտ անձինք եւ ծանր տեխնիկայով քանդել տարածքը, խիստ վտանգավոր թունաքիմիկատները հայտնվել են հողածածկույթի արտաքին բաց մակերեսին:

Ստեղծված արտակարգ իրավիճակի վտանգները ժամանակավորապես չեզոքացնելու համար Կառավարությունը այս տարվա երկրորդ եռամսյակում Բնապահպանության նախարարությանը հատկացրեց շուրջ 32 միլիոն դրամ, որի արդյունքում թունաքիմիկատները հավաքվեցին, թաղվեցին, տարածքը մաքրվեց, պատվեց անջրթափանց շերտով, գոտեվորվեց փշալարերով, տեղադրվեցին զգուշացնող նշաններ եւ պահակակետ:

Հայաստանի բնապահպանության նախարարության Էկոնոմիկայի վարչության բյուջետային ծրագրավորման եւ գնումների գործընթացի համակարգման բաժնի պետ Ռոման Չոբանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր «բավարար» գնահատեց կատարված աշխատանքները:

Ինչ վերաբերում է վերին շերտի` կավահողի վերջերս առաջացած ճեղքերին, ապա, Ռոման Չոբանյանի հավաստիացմամբ` դրանք սողանքային գոտու համար «նորմալ են եւ առանձնակի վտանգ չեն ներկայացնում»:

«Այդքան էլ վտանգավոր չէ, որովհետեւ վերին շերտն է, բայց ներքեւից ռուբերոիդով ծածկված է», - փաստարկեց նա:

Մինչդեռ միջազգային կառույցների` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Համաշխարհային բանկի փորձագետները, Նիկոլայ Գրիգորյանի փոխանցմամբ, մի շարք թերություններ են հայտնաբերել Բնապահպանության նախարարության կողմից կատարված նախագծման եւ շինարարական աշխատանքներում :

Արտակարգ իրավիճակների նախարարությունում վաղը կգումարվի Արտակարգ իրավիճակներին արձագանքող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որտեղ կքննարկվեն Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում վտանգի չեզոքացման հաջորդ փուլի մանրամասները:

Ոստիկանությանը, ի դեպ, մինչեւ օրս չի հաջողվել պարզել գերեզմանոցի տարածք ներխուժած անձանց ինքնությունը: Դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործով կասկածյալներ եւ ձերբակալվածներ չկան:

XS
SM
MD
LG