Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 8-15-ը ՆՓԱԿ-ում արդեն հինգերորդ անգամ կանցկացվի «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնը: Մեկ քառակուսի մետրը այն սահամանափակ տարածքն է, որտեղ բեմադրիչն ու դերասանը պետք է հանդիսատեսին ներկայացնեն իրենց ասելիքը:

«Մեկ քառակուսի մետր սահմանով բեմը որոշ իմաստով նաեւ ժխտում է բեմադրիչի, դերակատարի առկախ վիճակը բեմից ու ավելի առաձգական դարձնում այն», - նշեց փառատոնի հիմնադիր եւ նախագահ Գագիկ Ղազարէն:

Փառատոնի կարգախոսն է «Թատրոն առանց թատրոնի»` նկատի ունենալով, որ թատերական արվեստի դաշտն ու բեմադրական մտածողությունը կատարյալ ազատության մեջ պիտի լինեն:

Գագիկ Ղազարէն կիսեց նաեւ իր մտահոգությունը, որ փառատոնին գրեթե չեն մասնակցում թատերական ինստիտուտի ուսանողներ ու շրջանավարտներ` մարդիկ, ովքեր հատկապես պետք է հետաքրքրված լինեն նոր թատրոնի զարգացումներով:

«Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնն ունի 5 անվանակարգ ` «Լավագույն մեկ քառակուսի մետր», «Լավագույն գրական հիմք», «Լավագույն բեմադրիչ եւ դերասան», որոնցից յուրաքանչյուրի համար կազմվում է առանձին ժյուրիի խումբ, իսկ «Հեղինակների ձայն»անվանակարգում բեմադրությունների հեղինակներն իրենք են ձայն տալիս իրենց նախընտրած ներկայացմանը: Փառատոնում այս տարի ընդգրկված է 15 ներկայացում, որոնցից 10-ը` մրցութային ծրագրում:

XS
SM
MD
LG