Մատչելիության հղումներ

Ամերիկայում միջանկյալ ընտրություններ են


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

Միացյալ Նահանգներում երեքշաբթի օրը միջանկյալ ընտրություններ են: Ընտրվելու են 435-տեղանոց Ներկայացուցիչների պալատը, 100-տեղանոց Սենատի մեկ երրորդը, 37 նահանգների եւ երկու տարածքների նահանգապետները։

Ամերիկայի միլիոնավոր քաղաքացիներ մասնակցում են միջանկյալ ընտրություններին։ Դրանց անվանումը բխում է այն հանգամանքից, որ այդ ընտրությունները տեղի են ունենում նախագահի ընտրություններից 2 տարի անց, երբ լրանում է 4 տարով ընտրված նախագահի պաշտոնավարման ժամկետի կեսը։

Վերլուծաբանների կարծիքով` Սպիտակ տան համար պայքարում պարտություն կրած հանրապետականները այս ընտրություններում կարող են լավ արդյունք գրանցել։

Ամերիկահայերը ուշադրությամբ հետեւում են միջանկյալ ընտրություններին, քանի որ դրանց արդյունքը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ կապված նախաձեռնությունների ու առաջին հերթին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագծերի համար։

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը` իր մեջ ընդգրկելով նաեւ Կալիֆորնիայի եւ Նյու Յորքի շրջանային գրասենյակները եւ ամբողջ երկրի տարածքում գործող մասնաճյուղերը, վերջին ամիսների ընթացքում աշխատել է սենատորների եւ կոնգրեսականների նախընտրական խմբերի հետ` զորավիգ կանգնելով նրանց, ովքեր աջակցում են Հայ դատին, Ղարաբաղին, Հայաստանի հզորացմանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

Նա կարեւորեց այս ընտրությունները: Կա բուռն պայքար, եւ դրանում հայկական համայնքը շատ նշանակալից դեր պետք է խաղա իր քվեներով եւ ընդհանրապես մասնակցությամբ։

«Շատերը ենթադրում են, որ Ներկայացուցիչների տունը դեմոկրատներից կանցնի հանրապետականների հսկողության ներքո, կամ առնվազն` դեմոկրատները մեծ թվով տեղեր կկորցնեն, թեպետ չի բացառվում, որ գուցեեւ կպահպանեն մեծամասնությունը։ Սենատում, թվում է թե, դեմոկրատները չեն կորցնի մեծամասնությունը, թեպետ այնտեղ էլ երկու կուսակցությունների վաստակած տեղերի տարբերությունը կփոքրանա», - ասաց Հայ դատի գրասենյակի խոսնակը։

Միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան արդեն երեքշաբթի երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG