Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 2-ի մամուլ


ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում շրջանառվող Ղարաբաղին առնչվող նախագծի կապակցությամբ, որում, հիշեցնենք, մասնավորապես, առկա է «7 շրջանների օկուպացիա» ձւեակերպումը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Հրապարակ» թերթում գրում է. - «Հայկական կողմերը այդ ձեւակերպումների հետ վաղուց արդեն համակերպվել են, եւ ըստ էության սրանք շատ դեպքերում արդեն իսկ նախկինում գործածված տերմինաբանության կրկնություններն են, որը, իմ կարծիքով, անընդունելի է մեզ համար: Այդ տերմինաբանությունը հաստատվել է բանակցային գործընթացում հայկական կողմի թույլ դիրքերի հետեւանքով եւ արդյունքում: Չեմ կարծում, որ բանաձեւի շրջանառումը լրացուցիչ խթան կլինի գրոծընթացի համար, բայց լրացուցիչ ճնշում կլինի: Սա կրկին մեր բանակցային դիրքերի թույլ լինելու հետեւանքն է»: «Այս հետեւանքները կուտակվել են արդեն տասնամյակների ընթացքում եւ ժամանակի մեջ իրենց զգացնել են տալիս», - ամփոփում է Արման Մելիքյանը:

Դրամաշորթության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորված 2 սպաներին դատարանի որոշմամբ գրավով ազատ արձակելու փաստի կապակցությամբ «Ժամանակ»-ի խմբագրականը գնահատում է. -«Սերժ Սարգսյանը փաստորեն գործով ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվելու, եւ լինելու է այնպես, ինչպես մինչեւ այժմ, եւ որ ինքը ամենեւին էլ իրեն այդքան թույլ չի համարում հասարակության ճնշումներին տեղի տալու եւ նույնիսկ հեռու յուրայիններին պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ յուրայիններին էլ, փաստորեն, սրանով փոխանցվում է անպատժելիության ու ամենաթողության հերթական մեսիջը` ոչ միայն խոսքով, այլ նաեւ գործով, որ եթե վերջին շրջանում որեւէ մեկի մոտ ինչ-որ կասկածների էին առաջացել համակարգային ավանդույթի հեռանկարների կապակցությամբ, այդ կասկածները արագ եւ բարձր մակարդակով ցրվեն»:

Խորհրդածելով հասարակության հոգեբանական կարծրատիպերի շուրջ եւ այդ համատեքստում մասնավորեցնելով կապուղիների առաջիկա մրցույթի թեման` «Առավոտ»-ի խմբագիրը նկատում է. - «Հենց որ ասվում է «Ա1+», հաջորդ անունը կամ պատկերը, որ գալիս է աչքի առաջ, Ամալյանի` ատելությունից այլայլված դեմքն է: Մինչդեռ դա «մտքի սայթաքում» է, քանի որ այդ մարդու անձնական նշանակությունը զրոյական է: Եթե Ամալյանին հրահանգեն Հայաստանում եղած բոլոր կապուղիները հանձնել «Ա1+»-ին, ի՞նչ է, նա չի՞ անի դա: Կամ` երբ ՀԱԿ-ը իշխանության գա եւ ՀՌԱՀ նախագահ նշանակվի, ասենք, Աշոտ Սարգսյանը եւ հրահանգ ստանա «շիկացած երկաթով ոչնչացնել այլախոհությունը», ի՞նչ է տեղի ունենալու. «Ա1+»-ը կբացվի, իսկ, ենթադրենք «Երկիր մեդիան» կփակվի: Ո՞րն է, ասացեք, տարբերությունը, եւ ի՞նչ կապ ունի այստեղ Ամալյանը: Այնպես որ, Ամալյանի «դեմոնիզացիան» եւ նրա անձը «Ա1+»-ի հետ կապելը ինձ անպատեհ ու նույնիսկ փոքր ինչ վիրավորական է թվում»: Խմբագիրն այնուհետեւ ամփոփում է. - «Չարիքի հիմքը, հետեւաբար, ոչ թե Ամալյանն է, այլ մտածողության իներցիան, նախեւառաջ` նրանց մոտ, ովքեր որոշումներ են ընդունում: Իսկ այնուհետեւ այդ որոշումների դեմ չընդվզող հասարակության մոտ, որը հոգու խորքում հույսեր է փայփայում, որ կգա «բարի սուլթանը» եւ մեզ պահապան կկանգնի»:

Վկայաբերելով ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի տվյալները` «Հայոց Աշխարհ»-ը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից հեռանում է շուրջ 25-30 հազար մարդ: Այդ թվում, ըստ Ռուբեն Եգանյանի, «մշտական միգրացիոն հոսքերի արդյունքում Հայաստանից տարեկան շուրջ 10 հազար մարդ է հեռանում, իսկ ժամանակավոր միգրացիայի արդյունքում` շուրջ 15 հազար»: Ներկայացնելով ոլորտի մասնագետների դիտարկումները` «Հայոց Աշխարհ»-ը նաեւ գրում է. - «Մի կողմից՝ արտագաղթը, մյուս կողմից՝ նաեւ արտագաղթով պայմանավորված բնակչության բնական աճի դանդաղումը 90-ական թվականներից ի վեր, Հայաստանի ժողովրդագրական վիճակի կտրուկ վատթարացման գլխավոր պատճառներն են: Այս միտումների շարունակման դեպքում արդեն մոտ ապագայում իրական սպառնալիքներ կարող են ստեղծվել ազգային անվտանգության համար»:

Նույն հրապարակման մեջ հոգեբան Կարինե Նալչաջյանը գնահատելով Հայաստանից հեռացողների հոգեբանական շարժառիթները` ասում է. - «Նախ պետք է դիտարկել պրոբլեմը ծնող պատճառները, իսկ պատճառները առաջին հերթին պիտի փնտրել սոցիալ-տնտեսական բնագավառի վայրիվերումների մեջ: Որքանով է Հայաստանը մարդկանց ապրելու, ինքնարտահայտվելու հնարավորություն տալիս, մարդն իր ներուժը, տաղանդն արտահայտելու հնարավորություն որքանով ունի Հայաստանում»: Հոգեբանն այնուհետու շարունակում է. - «Հայրենիքն իբրեւ արժեք գնահատելու, իր իսկ անձով, իր ընտանիքով երկրում արտագաղթի ալիքը չավելացնելու մասին մտածելուց առաջ մարդը մտածում է իր կյանքը, կենսակերպը նորմալացնելու մասին: Մանավանդ եթե այս առումով նա պարբերաբար դժվարությունների է հանդիպում, ասենք, ուզում է ինչ-որ գործունեություն ծավալել եւ տարբեր պատճառներով չի հաջողում, ի վերջո, ընտրում է երկրից դուրս գալու ճանապարհը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG