Մատչելիության հղումներ

Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցչի պնդմամբ` Խալաֆյանին սպանել է օպերլիազորը


Աշոտ Հարությունյանը դատական նիստի ժամանակ:
Աշոտ Հարությունյանը դատական նիստի ժամանակ:

Վեց ամիս առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա նիստի ժամանակ իր ճառում հայտարարեց, թե Խալաֆյանը ինքնասպանություն չի գործել, նրան սպանել է գործով ամբաստանյալ Մորես Հայրապետյանը:

Պաշտոնական վարկածով, ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի ինքնասպանության, իսկ հարազատների պնդմամբ` սպանության պահին Հայրապետյանը տվյալ բաժնի օպերլիազոր էր:

Զեյնալյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ իր պնդումը հիմնավոր է, եւ մեկ ապացույց կա. ըստ մեղադրական եզրակացության ամենածանր` պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքը չընդունող եւ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը, որը նախկինում եղել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզություն բաժանմունքի պետը, դատարանում իր ցուցմունքում նշել է, թե դանակ է տեսել Մորես Հայրապետյանի ձեռքին:

Մորես Հայրապետյանի ձեռքին դանակ տեսնելու մասին պնդում է միայն ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ իրեղեն ապացույց համարվող դանակի վրա որեւէ մատնահետք չի հայտնաբերվել:

Մորես Հայրապետյանը այս գործով առաջին կալանավորվածն էր: Ավելի ուշ նա ազատվել է կալանքից: Հայրապետյանը ամբաստանյալներից միակն է, որ իրեն մեղավոր է ճանաչել եւ օգնել է նախաքննական մարմնին մեղադրանքը կազմելիս:

Մեղադրող կողմը, հիշեցնենք, Մորես Հայրապետյանի համար պահանջել է 2 տարվա պայմանական ազատազրկում, իսկ Աշոտ Հարությունյանի համար` 8 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG