Մատչելիության հղումներ

Անցած շաբաթավերջին դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ են արձակվել Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանին (մականունը` Ռոժ) եւ գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանին: Նրանց նկատմամբ, հիշեցնենք, խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, որն իրականացնում է սպաների նկատմամբ դրամաշորթության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Վարդան Մարտիրոսյանը, հիշեցնենք, ըստ մեղադրանքի, ստիպել էր զինծառայողներին իրենց անուններով վարկեր վերցնել, սակայն զինվորները չէին կարողացել դրանք վերադարձնել: Իրականությունը պարզվել էր եւ գումարներ հավաքող հրամանատարը ձերբակալվել էր: Իսկ Արթուր Կարապետյանը զինվորներից շորթել էր մոտ 1 միլիոն դրամ` հրամանատարի համար համակարգիչ գնելու համար:

Ըստ «Ժամանակ» օրաթերթի, Վարդան Մարտիրոսյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ, իսկ Արթուր Կարապետյանը` 820 հազար դրամ գրավի դիմաց:

Սպաների նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ դատարան էին դիմել նրանց պաշտպանները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում մեկնաբանելով սպաներին գրավի դիմաց ազատ արձակելը` իրավապաշտպան Արթուր Սաքունցը ասաց. - «Նման դեպքերը տեղի են ունենում, երբ որ կա սուբյեկտիվ շահագրգռվածություն: Հաշվի առնենք, որ նրանք հանդիսանում են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի` Խաչատուրովի տղայի ընկերները եւ գործընկերները: Եվ բնականաբար, անպայման գործի շրջանակներում պետք է հարց բարձրանա, թե ինչքանով է մասնակից եղել գնդի հրամանատարը` Խաչատուրովի տղան»:

Սաքունցի համոզմամբ, հայտնվելով ազատության մեջ Մարտիրոսյանն ու Կարապետյանը կկարողանան անձամբ ճնշում գործադրել իրենց դեմ վկայություն տված զինվորների վրա:

«Անպայման նրանց վրա կկատարվեն որոշակի այսպես կոչված` մշակման կամ համոզելու աշխատանքներ, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց բողոքներից եւ ցուցմունքներից», - ասաց Սաքունցը:

Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարությանը կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին սպաներին ազատ արձակելու կապակցությամբ ասաց. - «Ես մեկնաբանություն չունեմ այս հարցում, որովհետեւ դատարանը մասնագիտորեն քննում եւ որոշում է կայացնում»:

Հարությունյանը ասաց, որ հասարակական խորհրդի անդամները դեռեւս չեն հանդիպել Մարտիրոսյանի ու Կարապետյանի դեմ վկայություն տված զինծառայողներին. - «Պլանավորում ենք կամ այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ հանդիպել»:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովը, ի թիվս, մի շարք զորամասերի, նախկինում զբաղեցրել է նաեւ Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրամանատարի պաշտոնը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG