Մատչելիության հղումներ

Այս շաբաթ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) կբացի մարզային հեռուստաընկերությունների ներկայացրած մրցութային փաթեթները: Գյուրիում գործող 4 հեռուստաընկերություններից «Շանթ»-ը ներկայացրել է հանրապետական սփռման հայտ, «Շիրակ»-ը ունի հանրայինի կարգավիճակ: Այսինքն` մեկ հաճախականության համար մրցելու են «Ցայգ» եւ ԳԱԼԱ հեռուստաընկերությունները:

«Մենք շեշտը քիչ ենք դրել ապագայի վրա, ավելի շատ ցույց ենք տվել մեր անցած ճանապարհը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց ԳԱԼԱ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը:

Նրա խոսքով, հեռուստաընկերության «իրական տերը Շիրակի մարզի ժողովուրդն է», եւ ինքը պարտավորված է ներդրումներ անել. - «Որովհետեւ պարտավորված եմ պահել այս հեռուստաընկերությունը»:

Անդրադառնալով կայանալիք մրցույթին` Խաչատրյանը նշեց, թե «միանշանակ լինելու է քաղաքական որոշում»:

«Փորձը ցույց է տվել, որ վերջին 7-8 տարիների ընթացքում հեռուստաընկերությունների լիցենզավորման հետ կապված բոլոր որոշումները քաղաքական են: Բայց շատ բան կախված է, թե ինչպիսի ճնշումների տակ են կատարվում այդ քաղաքական որոշումները, եւ պարզ չէ դեռ, թե ինչ կլինի», - նշեց Վահան Խաչատրյանը` հավելելով այդուհանդերձ, որ կոնկրետ ԳԱԼԱ-ի դեպքում «կանեն [հանձնաժողովը] ամեն ինչ», որպեսզի իրենք չունենան եթեր:

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 2007 թվականից հետո, երբ ամբողջությամբ եթեր էր հեռարձակել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, կանգնեց լուրջ խնդրիների առջեւ` սկսեց կորցնել գովազդատուներին, դարձավ հարկային մարմինների ստուգումների թիրախ:

Շիրակի մարզի «ամենատարեց»` 19-ամյա «Ցայգ» անկախ հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը իրենց ներկայացրած հայտի մասին ասաց, որ այն «իրատեսական է». - «Մենք հաշվարկել ենք մեր ներդրումային հնարավորությունները»:

Հարցին, թե ինչպես է գնահատում իրենց հնարավորությունները, Մինասյանը պատասխանեց. - «Հաշվի առնելով պատմությունը, հաշվի առնելով, թե քանի տարվա կայացած հեռուստաընկերություն է, ինձ թվում է, թե իմ շանսերը ավելի քիչ չէ, քան իմ գործընկերներինը»:

Վահան Խաչատրյանը, ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Եթե հանկարծ մենք շահենք մրցույթում, մենք պատրաստ ենք մյուս հեռուստաընկերությանը` «Ցայգ»-ին եթերաժամ տրամադրել»:

«Ինչու չէ», - այս կապակցությամբ ասաց Մարգարիտա Մինասյանը` շարունակելով. - «Ես միշտ ընդունում եմ առողջ առաջարկները, եթե դրա մեջ հետին մտքեր չկան»:

Այս «առաջարկը» ուժի մեջ կմտնի 2015 թվականից հետո, քանի որ մինչեւ այդ երկու հեռուստաընկերություններն են անալոգային տարբերակով դեռ եթերում են լինելու:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG