Մատչելիության հղումներ

Վրաստանում ռուսական հետախուզության օգտին լրտեսական գործունեության մեջ մեղադրվող մոտ երկու տասնյակ անձանցից առնվազն երկուսը հայեր են: Այս մասին են տեղեկացնում վրացական մի շարք աղբյուրներ:

«Ինտերպրես-Նյուզ» գործակալությունը, վկայակոչելով փաստաբան Նանա Ցուլաձեին, երկուշաբթի օրը տեղեկացրել է. - «Իրավապահները հոկտեմբերի 17-ին ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներ Արմեն Գեւորգյանին եւ Ռուբեն Շիկոյանին»:

«Ձերբակալվածների հստակ թիվն ինձ հայտնի չէ: Գործի քննությունն ընթանում է լիակատար գաղտնիության պայմաններում: Հայտնի չէ նաեւ, թե երբ են իրավապահները պատրաստվում հետաքննության մասին տեղեկատվություն հրապարակել: Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալներին, ապա նրանք ազգությամբ հայ են, Վրաստանի քաղաքացիություն ունեն», - նշել է Ցուլաձեն:

Փաստաբանի խոսքով` մինչեւ ձերբակալությունը երկուսն էլ աշխատել են բեռների եւ նավթամթերքի ստուգումներով զբաղվող մի ընկերությունում: «Գեւորգյանն այդ ընկերության տնօրենն էր, Շիկոյանը զբաղեցնում էր նրա տեղակալի պաշտոնը», - ասել է Ցուլաձեն:

Վրացական գործակալությունը նաեւ տեղեկացնում է, որ Արմեն Գեւորգյանը Ասլան Աբաշիձեի իշխանության տարիներին Աջարիայի հայ համայնքի ղեկավարն է եղել:

«Ջեորջիան Թայմս»-ի տեղեկությամբ` Շիկոյանին եւ Գեւորգյանին մեղադրում են Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացուց գումար ստանալու մեջ: «Ենթադրաբար, այդ ռուսաստանցին հետախուզության աշխատակից է եղել», - նշում է պարբերականը:

Վրացական աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ ըստ հետաքննող մարմինների` ձերբակալվածներին հանձնարարված էր տեղեկություններ հավաքել Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների կողմից իրականացված գնումների, ինչպես նաեւ ուժային կառույցների աշխատակիցների անձնական տվյալների մասին: Վրաց իրավապահները խոստացել են գործի մանրամասները հրապարակել նոյեմբերի 5-ին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը որեւէ տեղեկություն չունի Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող մի շարք քաղաքացիների ձերբակալության մասին, ըստ «Նովոստի - Գրուզիա» գործակալության` այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն: «Այս հարցն ամբողջությամբ գտնվում է ներքին գործերի նախարարության իրավասության շրջանակներում: Երբ արտգործնախարությունը որեւէ տեղեկություն ստանա այս մասին, մենք այն կհաղորդենք», - նշել է Քալանդաձեն:

Ռուսական հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով Վրաստանում ձերբակալված Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը «Ջավախք» շարժման անդամներ են, «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` «Էքսպրես Նյուզ» գործակալությանը հայտնել է շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը: Ըստ նրա` Գեւորգյանը եւ Շիկոյանը «Ջավախք»-ին անդամակցում են 1998 թվականից եւ ակտիվորեն աշխատել են երիտասարդության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Մենք չենք հավատում, որ այդ երկու անձինք լրտեսական գործունեություն են վարել Վրաստանի դեմ: Վերջին շրջանում բռնաճնշումներ են իրականացվում մեր շարժման դեմ», - ասել է Ռուբեն Թորոսյանը եւ հավելել, որ շարժման երկու անդամների ձերբակալության մասին տեղեկատվությունը ուղարկվել է Երեւան` Դաշնակցություն կուսակցությանը եւ Հայաստանի արտգործնախարարությանը:

«Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը իր ղեկավարած շարժման անդամներ չեն:

Ռուսական կողմն առայժմ կատարվածի մասին որեւէ հստակ մեկնաբանությամբ հանդես չի գալիս: Շաբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե քանի որ ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են, ապա ավելի տրամաբանական կլիներ հենց պաշտոնական Թբիլիսիին դիմել պարզաբանումների համար:

Իսկ մոսկովյան «Կոմերսանտ»-ը, երկուշաբթի օրը անդրադառնալով խնդրին, գրում է. - «Ուշագրավ է, որ ռուսական հետքով հերթական լրտեսական սկանդալը ծագել է վրացական ընդդիմության խոստացված ակտիվացման շեմին: Վրացական ընդդիմությունը նոյեմբերի երկրորդ կեսին պատրաստվում է փողոց դուրս գալ` իր անհամաձայնությունը հայտնելով նախագահ Սահակաշվիլիի վարած քաղաքականությանը: Եվ չի բացառվում, որ նոյեմբերի 5-ին իշխանությունները փորձեն ըննդիմության ակտիվացումը կապել Մոսկվայի խարդավանքների հետ: Առավել եւս, որ նման գործելաոճը նախկինում կիրառվել է»:

«Վրաստանում ծագած լրտեսական սկանդալի արդյունքում հիմնական հարվածն ուղղվելու է ընդդիմության ներկայացուցիչներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Արնոլդ Ստեփանյանը:

«Հայկական հետքի մասին խոսելը փոքր ինչ դժվար է: Ես, իհարկե, չեմ բացառում որոշակի հայկական հետքի առկայությունը, այն, որ որոշ հայկական ազգանուններ կհրապարակվեն, այլ ազգանուններ եւս կլինեն: Ոմանք կփորձեն այս պատմությանը ազգային հնչեղություն հաղորդել: Վրաստանի իշխանությունները, սակայն, կարծես թե ձեռնպահ կմնան այդ քայլից: Ըստ ամենայնի, հիմնական հարվածը հասցվելու է ընդդիմադիր առաջնորդներին եւ ընդդիմադիր կուսակցությունների անդամներին», - հավելեց Ստեփանյանը` եզրափակելով. - «Կարծում եմ, որ մինչեւ նոյեմբերի 5-ը տեղեկատվական արտահոսքեր կկազմակերպվեն, որոնց նպատակը մեկն է լինելու` ցույց տալ ընդդիմության ակտիվիստների եւ առաջնոդների կապը ռուսական հատուկ ծառայությունների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG