Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կիրակի օրը վիրավորվել է ադրբեջանցի զինվոր Ֆարուխ Զեյնալովը: Այդ մասին տեղեկացնում է 1news.az լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ հրադադարի ռեժիմը խախտել է հայկական կողմը` գնդակոծելով ադրբեջանական դիրքերը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակման պատճառով Ադրբեջանի զինված ուժերին հրահանգվել է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը», իսկ «հակառակորդը ռազմաճակատի գծում իրավիճակը բարդացնելու նպատակով շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»:

«Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի չարաշահել կրակի դադարեցման երկկողմ պայմանավորվածությունը, եւ եթե հայկական կողմը չկատարի այդ պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ստիպված կլինի պատասխան կրակ բացել», - ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, «միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային ապատեղեկատվություն» է որակում «Ադրբեջանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական քարոզչամիջոցներով տարածվող այն լուրերն ու տեղեկությունները, թե իբր հակամարտ զորքերի շփման գծում հայկական ուժերի կողմից պարբերաբար խախտվում է հրադադարի պահպանման ռեժիմը»:

Շաբաթ օրը իր կայքէջում տեղադրված հաղորդագրությունում Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ անցած 7 օրերին շփման գծում օպերատիվ իրադրությունը տակավին անհանգիստ էր: «Հոկտեմբերի 24-30-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գոտու Հադրութի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որոնց արդյունքում հակառակորդի դավադիր գնդակից հոկտեմբերի 26-ի ժամը 16-ն անց 45-ի սահմաններում` հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում զոհվել է Հարութ Գրիգորյանը», - ասված է հաղորդագրությունում:

«Հատկանշական է, որ դարանակալ թշնամու սադրիչ գործողությունը տեղի է ունեցել շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ընդամենը ժամեր անց, ինչը եւս մեկ անգամ վկայում է իրադրության ապակայունացմանն ուղղված պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական մոտեցման մասին», - շեշտում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների չեզոքացմանն ուղղված [Լեռնային Ղարաբաղի] Պաշտպանության բանակի գործողություններին, ապա դրանք կրում են համակարգված եւ նպատակային բնույթ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն անհրաժեշտության դեպքում ճնշելու ադրբեջանական դիրքապահների ագրեսիվությունը, այլեւ առաջնային գծում մշտապես լինել թելադրողի դերում», - իր հաղորդագրությունն ամփոփում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած համատեղ հռչակագրում ընդգծված է նաեւ շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG