Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում երեկ վիրավորվել է ադրբեջանցի զինվոր Ֆարուխ Զեյնալովը: Այդ մասին տեղեկացնում է 1news.az լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակման պատճառով Ադրբեջանի զինված ուժերին հրահանգվել է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը», իսկ «հակառակորդը ռազմաճակատի գծում իրավիճակը բարդացնելու նպատակով շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»:

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, որ «Ադրբեջանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական քարոզչամիջոցներով տարածվող այն լուրերն ու տեղեկությունները, թե իբր հակամարտ զորքերի շփման գծում հայկական ուժերի կողմից պարբերաբար խախտվում է հրադադարի պահպանման ռեժիմը, ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային ապատեղեկատվություն»:

Շաբաթ օրը իր կայքէջում տեղադրված հաղորդագրությունում Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-30-ը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ, ինչի հետեւանքով հոկտեմբերի 26-ին հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում զոհվել է հայ զինծառայող Հարութ Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG