Մատչելիության հղումներ

«Հայաստանի իշխանությունները որեւէ քայլի չեն գնում առանց ճնշման»


Լեւոն Զուրաբյան
Լեւոն Զուրաբյան
Կալանավայրից Հայոց համազգային շարժման Լոռու կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանի ազատ արձակումը «[իշխանությունների նկատմամբ] համաժողովրդական ճնշման արդյունք է»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Աշոտ Մանուկյանը անցած ուրբաթ վաղաժամկետ ազատ արձակվեց Վանաձորի քրեակատարողական հիմնարկից:

«Եթե չլիներ այն հետեւողական պայքարը, չլինեին այն հետեւողական բազմահազարանոց միտինգները, որ տեղի են ունենում արտակարգ դրությունից հետո, մենք այսօր բանտերում կունենայինք տասնյակ մարդիկ: Եվ այդպես էլ շարունակվելու է` մենք հանգիստ չենք թողնելու քնել ո'չ այսօրվա այս իշխանություններին, ո'չ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներին, ո'չ Եվրոպական միությանը, որը մայիսի 9-ին այստեղ Հայաստանի հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսության ֆորմատի շրջանակներում սեմինար է անցկացնելու, եւ այդ օրն էլ ենք մենք պլանավորել լրջագույն մի հանրահավաք եւ պիկետներ», - ասաց Լեւոն Զուրաբյանը:

«Բնականաբար, այս ճնշումները իրենց արդյունքը ունեցել են, Եվրոպայի խորհուրդը այսօր Հայաստանի հարցում կանգնած է ընտրության առջեւ` կա'մ վերջնականապես հեղինակազրկվել, կա'մ, այնուամենայնիվ, լուրջ քայլեր կատարել` պարտադրելու համար Հայաստանի իշխանություններին` ազատ արձակել քաղբանտարկյալներին: Հիմա, [Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի] հունվարի նստաշրջանին ընդառաջ, կլինեն եւ համազեկուցողների պաշտոնական այցելություններ Հայաստան», - նշեց Հայ ազգային կոնգրեսի համազեկուցողը` հավելելով. - «Այս ամենը արվելու է մի նպատակով` պարզ մի մեսիջ փոխանցելու Հայաստանի իշխանություններին, որ այլեւս համբերության բաժակը լցված է, եւ սպառված է համբերությունը»:

Վերջերս Երեւանում գտնվող Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպումից առաջ Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, որ մոտ ապագայում ազատ կարձակվեն անազատության մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր գործիչները, եւ կարծիք էր հայտնել, որ Եվրախորհուրդը ուժեղացնելու է ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Աշոտ Մանուկյանի ազատ արձակման գործում իր դերն է ունեցել նաեւ Եվրախորհրդի հնարավոր ճնշումը, Լեւոն Զուրաբյանը ասաց. - «Հայաստանի գործող իշխանությունները ապացուցել են իրենց ամբողջ վարվելակերպով եւ կեցվածքով, որ նրանք ոչ մի քայլի չեն գնում առանց ճնշման: Այսինքն, որեւէ անգամ մենք ականատես չեղանք, որ նրանք ուղղակի բարի կամքից ելնելով ինչ-որ ընդառաջ քայլեր կատարեն, բացարձակապես: Նրանք մտել են քաղաքական առեւտրի մեջ` ե'ւ ընդդիմության հետ են փորձում մտնել` դա մենք մերժում ենք եւ չենք գնում երկխոսության, մինչեւ բոլորը չազատվեն, ե'ւ այդ վարվելակերպը կիրառում են Եվրոպայի խորհրդի տարբեր ինստիտուտների եւ տերությունների հետ հարաբերություններում: Այսինքն, ամեն մեկի ազատման փոխարեն ինչ-որ բան ուզում են ստանալ»:

«Սա խայտառակ գործելակերպ է, եւ, ցավոք սրտի, դա շարունակելու են մինչեւ վերջ: Եվ Եվրոպայի խորհուրդն էլ այսօր համոզվել է, որ որեւէ քայլ այս իշխանությունները անում են միայն այն դեպքում, եթե ենթարկվում են խիստ ճնշման», - ամփոփեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG