Մատչելիության հղումներ

Հայաստանը հանվել է Թուրքիայի «Կարմիր գրքից»


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը վարում է Ազգային անվտանգության խորհրդի նիստը, արխիվային լուսանկար

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը վարում է Ազգային անվտանգության խորհրդի նիստը, արխիվային լուսանկար

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանը հանել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած շաբաթվա ընթացքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանայել է որպես «Կարմիր գիրք» հայտնի հիշյալ ցանկը, որը նաեւ «գաղտնի սահմանադրություն» է կոչվում։

Հարեւան երկրների հետ հարաբերություններին վերաբերող այս փաստաթուղթը, որպես կանոն, վերանայվում է հինգ տարին մեկ անգամ։

Jerusalem Post-ը եւս, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների շաբաթօրյա հրապարակումները, գրում է, որ Թուրքիայի համար սպառնալիք համարվող երկրների ցանկից հանվել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, ինչպես նաեւ Իրանը, որին պաշտոնական Անկարան նախկինում համարում էր հիմնական սպառնալիք ներկայացնող երկիր։

Թուրքիան առաջին անգամ իր համար սպառնալիք երկիր է համարել Իսրայելը։ Փաստաթղթում նշվել է, որ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում կարող են հանգեցնել սպառազինությունների մրցավազքի։ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի փաստաթղթում նաեւ նշվել է, որ Մերձավոր Արեւելքը պետք է միջուկային զենքից զերծ տարածաշրջան լինի։

Սպառնալիքների ցանկում Թուրքիան ավելացրել է նաեւ օնլայն ահաբեկչությունը եւ գլոբալ ջերմացումը։

Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ խիստ սրվեցին այս տարվա մայիսին, երբ Իսրայելի զինված ուժերը գրոհեցին Գազայի հատված մարդասիրական օգնության տեղափոխող նավերի վրա, արդյունքում` թուրքական նավի վրա 9 մարդ սպանվեց, բոլորը` ազգությամբ թուրքեր։

Օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասել է, թե բոյկոտելու է Աթենքում անցկացվելիք կլիմայի փոփոխությունների հարցերով միջազգային համաժողովը, քանի որ դրան մասնակցելու է Իսրայելի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG