Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանատունը պարզաբանումներ է ներկայացնում YouTube-ի տեսանյութի վերաբերյալ


YouTube-ում տեղադրված տեսանյութից մեկ կադր

YouTube-ում տեղադրված տեսանյութից մեկ կադր

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով հերքում է YouTube կայքում անանուն աղբյուրի կողմից հրապարակված տեսանյութում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող խոսքերն այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զանգել է իրեն եւ հորդորել ճնշում չգործադրել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քանի դեռ հայ-թուրքական բանակցություններն ընթացքի մեջ են:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի հետ չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին եւ չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը», - ուրբաթ օրը տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է Միացյալ Նահանգների դեսպանատունը:

«Փոխնախագահը եւ նախագահ Սարգսյանը 2009 թվականի ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար եւ հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ` Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը նույնպես հերքել էր YouTube կայքում հայտնված տեսանյութում Միացյալ Նահանգների փոխնախագահին վերագրվող խոսքերը, նշելով, թե Ջո Բայդենի նախաձեռնությամբ 2009 թվականին կայացել է երկու հեռախոսազրույց, «որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի»:

Արմեն Արզումանյանը նաեւ տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցների ձայնագրությունը:

Վերահաստատելով Հայաստանի նախագահի խոսնակի խոսքերը` ԱՄՆ-ի դեսպանատունը հավելում է. - «Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի եւ նախագահ Սարգսյանի միջեւ խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG