Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը «հավատարիմ է» գերիների փոխանակման պայմանավորվածությանը


Հայաստանում այս պահին ադրբեջանցի 2 ռազմագերի եւ 1 քաղաքացիական անձ է գտնվում: «Ազատություն» ռադիոկայանին այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:

Նրա խոսքերով, ադրբեջանական կողմում հայ 6 ռազմագերի եւ 5 հոգանոց 1 ընտանիք է մնում` ընդհանուր առմամբ 11 անձ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը հրաժարվեց նշել նրանց անունները, ասաց` գաղտնի տեղեկատվություն է: Բացի այդ, երկու կողմերում կան 3 սպանվածների աճյուններ:

Երկու օր առաջ Աստրախանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին փոխանակել գերիներին եւ վերադարձնել զոհերի մարմինները:

«Մենք, որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, միշտ պատրաստ ենք նմանատիպ օպերացիաներ իրականացնել, եթե հակամարտող կողմերը գալիս են համաձայնության», - նշեց Աստաբացյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ռազմագերիների փոխանակում ենթադրող գործընթացը «դեռ սաղմնային փուլում է»:

«Հայկական կողմը հավատարիմ է նախագահների ձեռք բերած պայմանավորվածությանը, եւ Հայաստանն իր կողմից ամեն ինչ կանի, որ պայմանավորվածությունը կյանքի կոչվի», - հայտարարեց ՊՆ-ի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG