Մատչելիության հղումներ

ԿԲ-ն վերանայում է տնտեսական աճի իր կանխատեսումը


Դրամի արձանը Հայաստանի Կենտրոնական բանկի առջեւ, Երեւան, արխիվ

Դրամի արձանը Հայաստանի Կենտրոնական բանկի առջեւ, Երեւան, արխիվ

Այս տարվա չորրորդ եռամսյակի «Դրամավարկային քաղաքականության ծրագրի» համաձայն` Հայաստանի Կենտրոնական բանկը ավելի քան երկու անգամ նվազեցրել է այս տարվա սպասվող տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը:

Եթե նախկինում Կենտրոնական դրամատունը կանխատեսում էր, որ տարին կփակվի 5.7-6.4 տոկոս տնտեսական աճով, ապա այսօր նշվում է, որ 2010 թվականին կունենանք 2.4-2.7 տոկոս տնտեսական աճ:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, թե տնտեսության բոլոր` արդյունաբերության, շինարարության, ծառայությունների ու գյուղատնտեսության ճյուղերի համար կանխատեսումները ճշգրտվել են, ինչի արդյունքում էլ ավելի քան երկու անգամ կրճատվել է այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ Կենտրոնական բանկի կանխատեսումը:

«Գյուղատնտեսության ոլորտում ակնկալում ենք 13-16 տոկոս իրական անկում 2010 թվականին: Մնացած ոլորտները շարունակում են աճ ունենալ», - նշեց Գաբրիելյանը:

Հունիսին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կանխատեսել էր, թե տարեկան կտրվածքով տնտեսական աճը կկազմի 7-8%: Միաժամանակ, նախարարը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանը վերադարձել է տնտեսական կայուն զարգացման փուլ:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Հայաստանի կենտրոնական դրամատան գնահատականի նման վերանայման պատճառն այն է, որ այս տարվա երրորդ եռամսյակը տնտեսական առումով ամենավատերից մեկն էր:

«Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում առկա պատճառները, որոնք նախորդ տարի հանգեցրեցին տնտեսական նման անկման, վերացված չեն: Հակաճգնաժամային որեւէ ծրագիր չի էլ եղել, այլ ընդամենը եղել է վարչապետի ելույթ», - ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահը` հավելելով, թե կառավարությունը ընդամենը «արձանագրողի եւ իրադարձությունների ընթացքին հետեւողի» կարգավիճակում է:

«Բոլորը գիտեն, որ անհնար է, չի կարող Հայաստան երկիրը այսպես ապրել: Մի խումբ մարդկանց սեփականություն դարձած տնտեսությունը չի կարող արդյունավետ աշխատել», - հայտարարեց Բագրատ Ասատրյանը:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը չհամաձայնվեց գնահատականի հետ:

«Եթե կառավարության ձեռնարկած միջոցառումները արդյունք չեն տալիս, ապա ինչի՞ հաշվին է, ամեն դեպքում, աճ գրանցվում: Եթե գյուղատնտեսությունը հանենք, որը բնակլիմայական վատ պայմանների արդյունք էր, ապա մնացած ճյուղերում ակնհայտ է աճը, որը կա», - նշեց Գաբրիելյանը:

2010 թվականի չորրորդ եռամսյակի «Դրամավարկային քաղաքականության ծրագրում» Կենտրոնական բանկը նաեւ իր կանխատեսումն է ներկայացնում գալիք տարվա տնտեսական աճի վերաբերյալ: 2011թ. հունվար-սեպտեմբերին այն, ըստ փաստաթղթի, կկազմի 4-5 տոկոս:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG