Մատչելիության հղումներ

Ուսումնասիրությունը էական թերություններ է վերհանել զինված ուժերում


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այսօր ներկայացվեց օմբուդսմենի գրասենյակի, «Հանդուժողականության կենտրոն» հասարակական կազմակերպության եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Հայաստանի զինված ուժերում կատարված ուսումնասիրությունը, որը էական թերություններ է վերհանել:

«Զինված ուժերը բոլոր երկրներում հասարակության հայելին են, եւ հասարակության խնդիրները խտացված ձեւով ներկայացված են բանակում», - հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ընդգծելով, թե ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ պաշտպանության աջակցությամբ, ինչը թափանցիկության առումով առաջընթաց է:

«Իհարկե, սա չի նշանակում, որ մենք չպետք է խոսենք այն խնդիրների մասին, որոնք կան», - նշեց օմբուդսմենը` հավելելով, որ ուսումնասիրվել են զինված ուժերում եղած խնդիրների իրավական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական եւ կրթական հիմքերը։

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական բաժնի ղեկավար Գժեգորժ Միխալսկին իր խոսքում ընդգծեց, թե հարկավոր է շարունակել համատեղ աշխատանքը՝ անվտանգության, մասնավորապես զինված ուժերում թափանցիկության եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

7 ամիս առաջ սկսված ուսումնասիրությունը կատարվել է Երեւանի եւ հարակից մարզերի պատահական ընտրված 7 զորամասերում, անցկացվել են անանուն հոգեբանական եւ իրավական հարցադրումներով սոցհարցումներ, առանձնազրույցներ զորամասերի սպայական եւ շարքային կազմի հետ:

«ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հատկանշական դիտարկումն է այն, որ թե' ղեկավարների, թե' զինվորների շրջանում առկա է իրավագիտակցության ցածր մակարդակ», - նշում է Օմբուդսմենի զինվորական հարցերով խորհրդական Ռուստամ Մախմուդյանը:

Ըստ հետազոտության` զորակոչիկները ծառայությունն ընկալում են որպես երկու տարին մի կերպ անցկացնելու, «գլորելու» փուլ կյանքում, իսկ առավել հաճախ` որպես կյանքի բնականոն հունի ընդհատում:

Հրամատարության եւ զինվորների հետ զրույցները, դիտարկումները եւ թեստավորումը թույլ են տվել եզրակացել, որ զինվորների մոտ մոտիվացիայի պակասը կապված է մի շարք գործոնների հետ, մասնավորապես. «ծառայության ընթացքի վերաբերյալ հասանելի տեղեկատվությունը միայն կենցաղային մակարդակում է, նվազեցված է բանակում ծառայության նշանակալիությունը որպես հասարակական արժեք, զինվորական կարիերայի տված արտոնությունները մասնագիտական առաջխաղացման հնարավորությունները ակնհայտ չեն պատանիների համար, ինչի արդյունքում նրանց կողմից բանակում ծառայությունը չի ընկալվում որպես պրեստիժային զբաղմունք»:

Հետազոտության հեղինակները արձանագրել են բանակում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների լայն տարածման երեւույթի առկայություն:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բանակում առկա բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման հարցում գլխավոր գործոնը սպայի անձն է` իր մասնագիտական, կրթական եւ անձնային հատկանիշների ամբողջությամբ»,- ընդգծեց Հանդուրժողականություն կենտրոնի ներկայացուցիչ, հոգեբան Սոնա Մանուսյանը:

Որպես ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավուքների պաշտպանի գրանսենյակին ներկայացված առաջարկությունները կյանքի կոչելու մեխանիզմ, հեղինակներն առաջարկում են Օմբուդսմենի գրանսենյակի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության միջեւ կնքել փոխըմբռնման հուշագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG