Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 25-ին մեկնարկել է արդի դրամատուրգիայի առաջին միջազգային բաց փառատոնը, որ կրում է «Ներկայի վերականգնում» խորագիրը: Ազգային թատերական ստեղծագործական միավորան նախաձեռնությամբ անցկացվող փառատոնին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի առաջատար դրամատուրգներ, բեմադրիչներ եւ թատերական գործիչներ:

Փառատոնի շրջանակներում դրամատուրգներն ու սցենարիստները հանդիպում են թատերական բուհերի ուսանողների հետ, անցկացնում վարպետության դասեր: Փառատոնի նախագահ Արա Խզմալյանը փաստում է, որ գործերում արծարծվող խնդիրները համընդհանուր են, քանի որ մասնակիցները բոլորը հետխորհրդային տարածքից են: - «Կարմիր թելով անցնում են արտագաղթի, փակված դռների, լքվածության թեմաները, այն, ինչը մտահոգում է նաեւ մեզ այսօր», - նշեց նա:

Արդի դրամատուրգիայի փառատոնն անվանել են «Ներկայի վերականգնում», քանի որ ըստ Արա Խզմալյանի` հայկական արդի դրամատուրգիան, որպես կանոն, անցյալի վրա է կառուցվում:

«Դասական դառնալու միակ միջոցը մեռնելն է», - կատակում է փառատոնի մասնակից, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը` հասկանալով, որ կատակը դաժան է, բայց արտահայտում է իրականությունը, քանի որ, ըստ նրա, լավ գործեր եթե անգամ գրվում են, ապա հիմնականում մնում են թղթի վրա:

Արդի դրամատուրգիայի առաջին փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը:

XS
SM
MD
LG