Մատչելիության հղումներ

Զարդուշտ Ալիզադե.«Ստատուս քվոն ձեռնտու է թե' հակամարտող կողմերին եւ թե' միջազգային հանրությանը»


Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

«Աստրախանում ստորագրված եռակողմ հռչակագիրը, ինչպես եւ ժամանակին ընդունված Մայնդորֆյան փաստաթուղթը, որեւէ էական նշանակություն չունի բանակցային գործընթացի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում նշեց բաքվեցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

«Հարավային Կովկասում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ կողմերի դիրքորոշումները, ուժերի հարաբերակցությունը, մեծ պետությունների, այսինքն Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները, այս ամենը որեւէ հույս չի ներշնչում, որ խաղաղ գործընթացում կարող է ինչ-որ առաջընթաց արձանագրվել», - ասաց ադրբեջանցի քաղաքագետը:

Ալիզադեյի համոզմամբ, բանակցային գործընթացի այս վիճակից «ներգրավված բոլոր կողմերը կարողանում են որոշակի օգուտներ քաղել»:

«Այս իրավիճակը նախեւառաջ Ռուսաստանին է ձեռնտու, քանի որ Հարավային Կովկասում նման սառեցված հակամարտության գոյությունը Մոսկվայի շահերից է բխում: Ներկա իրավիճակը ձեռնտու է Հայաստանի քաղաքական վերնախավին, որը խաղաղ գործընթացին մասնակցության պատրանք ստեղծելով` ապացուցում է Հայաստանի բնակչությանը, թե անում է ամեն ինչ ռազմական հաղթանակն իրավաբանորեն ձեւակերպելու համար: Ադրբեջանի իշխանություններին էլ ներկա կացությունը ձեռնտու է այնքանով, որ ձեւացնելով, թե ներգրավված են բանակցային գործընթացում` ադրբեջանցի իշխանավորները մյուս կողմից հարցի լուծմանն ուղղված ինչ-ինչ հերոսական ջանքերի պատրանք են ստեղծում», - մեկնաբանեց Ալիզադեն:

«Հաշվի առնելով այն իրողությունը, որ վերջին շրջանում մթնոլորտը գնալով թեժանում էր, երկու կողմից կոշտ հայտարարություններ էին հնչում, հաճախակի էին դարձել փոխհրաձգությունները շփման գծում` հանդիպման փաստն ինքնին դրական է: Դրական է նաեւ նախագահների պատրաստակամությունը` շարունակել երկխոսությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահի ձգտումը`առաջ տանել այդ երկխոսությունը», -«Ազատություն» ռադիոկայանին ասց ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ` Ռասիմ Մուսաբեկովը:

Վերլուծաբանը, սակայն, չի կարծում, որ Աստանայի համաժողովը շրջադարջային կլինի ղարաբաղյան կարգավորման հարցում:

«Առայժմ խոսքը միայն այն մասին է, որ կողմերը համաձայնեցնեն Մադրիդյան սկզբունքները: Հետագայում արդեն պետք է մշակվի կարգավորման շրջանակային համաձայնագիրը, որն այսօր գոյություն չունի: Չափազանցված լավատեսություն կլիներ կարծելը, որ այդ ամենը հնարավոր կլինի իրագործել մինչեւ Աստանայի համաժողովն ընկած ժամանակահատվածում: Բայց եթե կողմերը կարողանան համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, հայտարարեն դրա մասին, դա արդեն իսկ լուրջ հաջողություն կլինի: Աստանան գոնե չի վերածվի հայ - ադրբեջանական բախման թատերաբեմի, ինչպես դա եղավ Լիսաբոնում», - նշեց Մուսաբեկովը` ակնարկելով 1996-ի դեկտեմբերին Պորտուգալիայի մայրաքաղաքում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում ծավալված իրադարձությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG