Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցով քվեարկությունը խորհրդարանում կրկին հետաձգվեց


Ազգային ժողովում այսօր մեկնարկեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրենսդրական նախագծի քննարկումը: Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագծի քվեարկությունը կրկին հետաձգվեց:

Ազգային ժողովի խոշորագույն` Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիայի մաս կազմող «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները որոշել են չմասնակցել քվեարկությանը:

Ի պատասխան` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախօրեին տեղի ունեցած քննարկումների արդյունքում իր ղեկավարած խմբակցությունը վճռել է երկու քառօրյայով հետաձգել օրինագծի քվեարկությունը` սպասելով Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական բանակցությունների արդյունքներին: Ըստ այդմ` քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:

«Այս որոշումը վերջնական է», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Խորհրդարանը միաձայն ընդունեց քվեարկությունը հետաձգելու մասին որոշումը:

«Ես չգիտեմ, թե դեկտեմբերի 9-ին ինչ իրադարձություն պետք է տեղի ունենա եւ ինչպիսի հրաշք պետք է տեղի ունենա, որ ազդադարվի, որ մեր ճշմարտության պահը եկել է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` շարունակելով. - «Որովհետեւ 19 տարի շարունակ չենք լսել, որ նման մի հայտարարություն արվել է: Ավելին` լսել ենք ուշացած խոստովանության խոսքեր, որ, այո, դա պետք է ճանաչվեր 91-ին, դա պետք է ճանաչվեր 92-ին, այո, դա պետք է ճանաչվեր 94-ին եւ այսպես շարունակ: Հիասթափեցնողը այն է, որ մի քանի տարի հետո միգուցե նման ուշացած գնահատականներ հնչեն, որ, այո, կարող էր Արցախի հանրապետությունը ճանաչվել Հայաստանի Հանրապետության կողմից 2007-ին, 2008-ին, 2009-ին, բայց դրանք ընդամենը կլինեն ուշացած խոստովանություններ»:

Չորեքշաբթի օրը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպման արդյունքում որեւէ համաձայնություն ձեռք չէր բերվել «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած ԼՂ անկախության ճանաչման մասին օրինագծի հետագա ճակատագրի շուրջ:

Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր - «Եթե մինչեւ վաղը ժամը 12-ը որեւէ վերջնական փոխհամաձայնություն չլինի, քվեարկության է դրվելու [օրինագիծը]»:

Այսօր ավելի ուշ տարածված համատեղ հայտարարությունում իշխող կուսակցությունները այսպես են մեկնաբանել չքվեարկելու իրենց որոշումը. - «Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին եւ զորակցում է խորհրդարանական կոալիցիան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG