Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 28-ի մամուլ


Երեկ Աստրախանում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը «Հայոց աշխարհ»-ը որակել է «տարածաշրջանի փխրուն խաղաղությունը պահպանելու Ռուսաստանի ցանկության արտահայտություն»: «Դեկտեմբերի 1-2-ի ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրությունները լարված իրավիճակ են ստեղծել ինչպես այդ երկրի ներսում, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ղարաբաղի հարցի լուծումն «արագացնելու» համար Ադրբեջանի ղեկավարության կողմից գործադրվող շանտաժի տեխնոլոգիաները հասել են այն կրիտիկական սահմանագծին, երբ չի բացառվում հաջորդ՝ ավելի ագրեսիվ քայլերի ձեռնարկումը։ Ուստի Ռուսաստանը փորձում է կանխել հայ-ադրբեջանական դիմակայության հետագա սրման հնարավոր սցենարները՝ միաժամանակ իր ձեռքում պահելով «դատավորի» գործառույթները։ Ռուսաստանին ներկա հանգրվանում ձեռնտու չէ ռազմական հակամարտության բռնկումը Ղարաբաղյան ճակատում։ Ուստի Աստրախան հրավիրված Իլհամ Ալիեւին «բացատրել են», որ նա կարող է ճակատագրական սխալ կատարել՝ գերագնահատելով իր երկրի հնարավորությունները», - գրում է թերթը։

Նույն թեմայի առնչությամբ «ժամանակ»-ը գրում է. - «Այսպիսով, Կրեմլը վերջին ամիսներին շփման գծում լարվածությունը մեղմելուն ուղղված քայլ կատարեց` մեկ անգամ եւս ընդգծելով իր հովանու ներքո Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու գործընթացում իր նախաձեռնողական քաղաքականությունը: Սրանից զատ, հազիվ թե որեւէ նշանակալի բան տեղի ունեցած լինի Աստրախանում»:

Վերջին շրջանում Youtube կայքում մեկը մյուսի ետեւից հայտնվող աղմկահարույց տեսանյութերի կապակցությամբ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Փաստորեն Հայաստանի իշխանությունների թիվ 1 թշնամին Youtube-ն է: Ընդ որում, Սերժ Սարգսյանն այս դեպքում անզոր է: Սա այն դեպքը չէ, որ Գրիգոր Ամալյանը Youtube-ին «թույլիկ» անվանի ու զրկի հաճախականությունից, կամ քաղաքացիական հագուստով ոստիկանները հարձակվեն ու ցրեն ինտերնետային այդ ծրագիրը: Թարսի պես` Youtube-ը նույնիսկ մորաքրոջ տղա չունի, որ ջեբը պլան-բան գցեն ու ստիպեն լռել: Այնպես որ` Սերժ Սարգսյանը մի կերպ պիտի յոլա տանի»:

Բերելով օրինակներ` «Առավոտ»-ի խմբագիրը պնդում է, որ կոնկրետ շահերի թելադրանքով հնարավոր է հիմնավորել ցանկացած գործողություն. - «Հարցը այն չէ, թե իշխանությունները հիմնավորում են, թե ոչ, այլ այն` արդյոք այդ հիմնավորումները համոզի՞չ են: Ձեզ համոզո՞ւմ է, օրինակ, թե ինչպես է հիմնավորվել «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից մարդ սպանելը` «անզգույշ քաշքշուկ»: Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես են իշխանությունները հիմնավորում, որ մարտի 1-ին 10 հոգի է սպանվել, բայց ոչ ոք դատարանի առաջ չի կանգնել: Դուք տրամաբանակա՞ն եք համարում, թե ինչպես են բանակում եւ ոստիկանության քաղմասերում սպանությունների «հիմնավորվում» որպես ինքնասպանություն»: Անցում կատարելով հաճախականությունների մրցույթի թեմային` «Առավոտ»-ի խմբագիրը նշում է. - «Այսքանից հետո մի հատ մրցույթի մերժում հիմնավորելը իսկապես խաղուպար է: Ժամանակակից խավարամտությունը հիմնավորվում է ոչ թե գաղափարախոսական, այլ «բիզնես» նկատառումներով: Վերը թվարկված հիմնավորումների ֆոնի վրա ի՞նչ դժվարություն կա հիմնավորելու, որ 7 տարի մատը մատին չխփած, մեկուկես հաղորդում եւ երեք աշխատող ունեցող «Արմյնուզը» ավելի արժանի է եթերի, քան «Ա1+»-ը»:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է 44-ամյա մի քաղաքացու` Արմեն Թոթոլյանի հետ, ում, իր խոսքով, դաժան ծեծի են ենթարկել ինչ-որ ջիփ մեքենայի մոտ ազդանշան տալու համար: Ջիթը հետապնդել է քաղաքացուն, իսկ քիչ ավելի ուշ ջիփի վարորդին օգնության են հասել նաեւ «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ մեքենայով ժամանած երկու երիտասարդներ: Վերջիններս, ըստ թերթի, 10 րոպե շարունակ դաժան ծեծի են ենթարկել Արմեն Թոթոլյանին: «Ծեծը դադարել է այն ժամանակ, երբ ժամանել են ոստիկանները: Իսկ ոստիկանները ժամանել են ոչ թե շենքի բնակիչների կամ որեւէ այլ անձի ահազանգով, այլ պատահաբար: Անհայտ երեք երիտասարդներին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, Թոթոլյանն էլ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նույն օրը երիտասարդները ազատ են արձակվել: Թոթոլյանի խոսքով, դեպքից հետո իր տուն անընդհատ անծանոթ ինչ-որ մարդիկ են այցելում, խնդրում, որպեսզի դեպքի մասին ոչ ոքի չհայտնի: Իսկ օրերս իրեն հայտնի է դարձել, որ իրեն ծեծի ենթարկողներից մեկը Զովունի գյուղի գյուղապետի որդին է»: «Գյուղապետը հերքում է իր որդու մասնակցությունը այդ դեպքին», - երեկ թերթին հայտնել է Թոթոլյանը եւ ավելացրել, որ իրեն չի հետաքրքրում իրեն ծեծի ենթարկողների ինքնությունը: Ինքը ընդամենը պահանջում է, որ նրանք պատժվեն: Ոստիկանությունից երեկ թերթին հայտնել են, որ նշված դեպքը իսկապես տեղի է ունեցել: Հայտնել են նաեւ, որ դեպքի հետ կապված քրեական գործ դեռեւս չի հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG