Մատչելիության հղումներ

ԱԺ ղեկավարությունը համաձայնության չի եկել ԼՂ անկախությունը ճանաչող օրինագծի շուրջ


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (աջից) եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (աջից) եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Չորեքշաբթի օրը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպման արդյունքում որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծի հետագա ճակատագրի շուրջ:

Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից անմիջապես հետո «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց - «Եթե մինչեւ վաղը ժամը 12-ը որեւէ վերջնական փոխհամաձայնություն չլինի, քվեարկության է դրվելու [օրինագիծը]»:

«Որոշ փորձեր արվում են, բոլորը ուզում են այս ընդհանուր համազգային խնդիրը լուծել, բայց քաղաքական կամք է անհրաժեշտ: Քաղաքական կամք, խիզախություն եւ միասնության իրական սահմանում դեռ չի երեւում: Հույս ունենք, որ վաղը մինչեւ 12-ը լուծում կգտնվի, եւ մենք համախոհական ձեւով առաջ կգնանք», - ասաց նա` շարունակելով. - «Սա [օրինագիծը] պետք է լինի նվազագույնը մեծ օրակարգով, եւ նրանք, ովքեր չեն ուզում ժամանակի պահի ընտրության մտահոգությամբ հիմա քվեարկել, պետք է ջանքեր թափեն վաղը մինչեւ կեսօրը, որպեսզի այս հարցը մտնի օրակարգ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարծում, թե Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` այսօր Աստրախանում կայանալիք հանդիպումը էական որեւէ ազդեցություն կարող է ունենալ օրինագծի քվեարկության արդյունքների վրա:

«Ո'չ այսօրվա հանդիպումը, ո'չ Աստանան, ոչ մի առանձին վերցրած իրավիճակային ուղենիշ չի կարող փոխել Հայաստանի Հանրապետության իրավական հավատամքը, որ պետք է ճանաչվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եվ դա պետք է արվի գործով, պետք է արվի օրենքով», - հայտարարեց նա:

Իշխող քաղաքական ուժի` Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն». ռադիոկայանի հարցին, թե հնարավոր է որեւէ համաձայնութան գալը մինչեւ ընթացիկ քառօրյայի վերջը, բացասական պատասխան տվեց:

«Ես կարծում եմ, վաղը օրինագիծը կդրվի քվեարկության եւ օրինագիծը չի անցնի», - կանխատեսեց Սահակյանը:

Պատգամավոր, ՀՅԴ ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ օրինագծի չընդունվելը «լուրջ շահարկումների պատճառ կդառնա» ոչ միայն դրսում, այլ նաեւ ներսում. - «Միգուցե իշխանությունները ընդհանրապես դե՞մ են Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը. այդ հարցն էլ առաջանալու է արդեն ներսում: Եթե այդ հնարավորությունը ունեին կանխելու, օրինակ, թույլ տային, որ հարցը մտներ մեծ օրակարգ… Եթե այդ ճանապարհը ունենալով` չեն իրականացնել, իսկապես ներսում կարող է հարց առաջանել»:

XS
SM
MD
LG